երգչուհի, որի հավասարը մինչև այսօր էլ չի ծնել հայ ժողովուրդը և չգիտեմ, երբ պիտի ծնե։
Պապայանն այսօր էլ այն միակ հայուհին է, որ ճեղքեց միջակության պողպատյա պատնեշը և անբավ բարձրագույն ընտրյալների տաճարը գեղարվեստների աշխարհում։ Տասնուհինգ տարի այդ հեզիկ աղջիկն իր անզուգական ձայնի հմայքի տակ պահեց Լենինգրադի (այն ժամանակ Պետերբուրգի) ու Մոսկվայի, Բաքվի ու Թիֆլիսի ամենաերաժշտագետ բազմությունը։ Եվ երբ նրա ողբերգական մահվան լուրն ստացվեց, ամենուրեք և բոլոր լեզուներով լսվեց՝ «կորավ Վերդիի և Չայկովսկու սոխակը»։
Սակայն նա իր կյանքում բախտավոր չէր։ Բեմի վրայից ուրիշներին հուզող ու արտասվեցնողը, բեմի ետևում ինքն էր լալիս։ Այնտեղ նա դժբախտ էր և տառապում էր։ Քանի՜-քանի անգամ տեսել եմ նրա դառն արցունքները և լսել եմ նրա սիրտ մորմոքող հառաչանքներն իր փառքի առաջին տարիները։ Հիշում եմ նրա մի հուսահատական օրը, երբ նա վճռել էր ինքնասպանություն գործել։ Ժամեր գործադրեցի նրան համոզելու համար, որ չկա ավելի մեծ հիմարություն, քան ինքնասպանությունը.— Կրեցեք ձեր վիշտը ձեր տաղանդին արժանի քաջությամբ և ապագայում ինքներդ կծիծաղեք ձեր այսօրվա տրամադրության վրա։
Արդարև, ապագայում նա ինքը մի քանի անգամ ծիծաղելով հիշեց իր անցյալի հուսահատությունը և բարեկամաբար սեղմեց իմ ձեռը։
նա թուլություն էր ունեցել հափշտակվել Բ... Ա...-թյան անունով մեկով, որի միակ արժանավորությունն էր իր իշխանական ծագումը և հարստությունը։ Մի մարդ, որ իր արտաքին սեթևեթ ձևերի, իր շինծու բարեսրտության, իր կեղծ պարզության, իր փքուն ֆրազների տակ պահում էր ծայրահեղ եսամոլի ու սնամոլի ճղճիմ հոգին։ Նա խոստացավ և հետո մերժեց ամուսնանալ մի համեստ, ոչ հարուստ, բայց ազնիվ ընտանիքի աղջկա հետ, որ արժանի էր լավագույն ճակատագրի, առարկելով թե իր կամ երգեր հայրը (Նիկոլայ երկրորդի փոքրագույն սպասավորներից մեկը) հակառակ է այդ տեսակ «մեզալյանս»-ին։ Իհարկե,