Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/344

Այս էջը սրբագրված է

հրատարակվելուց անմիջապես հետո նա շտապեց գնալ Պոլիս, նորից այնտեղ հաստատվելու համար։ Բայց մի քանի ամիս անցած վերադարձավ ավելի հուսալքված։ Երիտասարդ Թուրքիայի կառավարությունը նրան հավատ չէր ներշնչել։ Կարծես նախազգում էր, թե իր հայրենակիցներին սպասում էր մի նոր կատակլիզմ, ոչ պակաս սոսկալի, քան սուլթան Համիդի գերիշխանության օրերին։ Նորեն հոգեկան թմրությունը պաշարեց նրան և նորեն վերսկսեց իր միալար երգը. «Հուսանք, որ օր մը Եվրոպա կր ճանչնա իր մարդկային պարտականությունը»... Խեղճ մարդ, նա խաբում էր ինքն իրեն, հոգու խորքում զգալով, որ իր երազներն անիրագործելի են:

Տասներկու տարի հետո, երբ ես նորեն Փարիզ եկա, Մինաս Չերազին չտեսա։ Այս անգամ նա, իր տկարության պատճառով, հաստատվել էր Մարսելիայում։ Այնտեղ, կարծեմ, 1926 թվականին տոնվեց նրա մանկավարժական-գրական և հասարակական գործունեության վաթսունամյակը։ Հայաստանի խորհրդայնացումից հետո, երբ Փարիզի հայ ինտելիգենցիայի լավագույն մասը հրապարակորեն արտահայտեց իր համակրանքը դեպի Խորհրդային Հայաստանը, Մինաս Չերազը Մարսելիայից հեռագրեց, թե ինքն էլ միանում է համակրողներին։ Բացի դրանից, նա իր հոբելյանից գոյացած համեստ գումարը նվիրեց Խորհրդային Հայաստանում մի ուսումնարան բանալու նպատակին։

Մահվան անկողնում նրա վերջին խոսքերից մեկն է եղել.

— Ուրախ եմ, որ հոն կա փոքրիկ և ազատ Հայաստան մը։

Նա դաշնակցության անհաշտ թշնամին էր... Նա կրկնում էր.

«Մեր մեծագույն աղետն այդ կուսակցությունն եղավ»։

Ինչ ասել կուզե, որ դաշնակցականներն էլ իրանց կողմից չէին սիրում նրան և հեգնանքով էին գրում ու խոսում նրա գործունեության մասին։ Այդպես են մարդիկ, սեփական թերություններն ուրիշների մեջ են փնտրում և այնպես հարվածում իրանք իրանց։