Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/345

Այս էջը սրբագրված է

VII

ԴԱՐՁՅԱԼ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐ: ՆՈՐ ՀԱՆԴԻՊՈԻՄՆԵՐ:

ՍԻԱՄԱՆԹՈՆ

Առաջին թափառումներից հետո, երբ բավական կշտացել էի Փարիզի ժխորից, ինձ պաշարեց մի ծանր թախիծ, որի հավասարը կյանքիս ամենադառը ժամերին էի միայն ունեցել։ Անգործությունն էր դրա պատճառը թե հայրենիքի կարոտը, այդ մասին չէի հարցնում ինքս ինձ։ Սիրտս հեծեծում էր կապարյա ծանրությունից։ Համաշխարհային կյանքի բովում ես ինձ զգում էի մի տեսակ սառցարանում, նույնիսկ ընտանեկան շրջանում։ Մի՞թե այդ էի սպասում Փարիզից: Չէ՞ որ իմ երևակայության մեջ նա եղել էր լավատեսության օրրան։

Գլուխս չէր դադարում գործել, բայց գործում էր միայն մի ուղղությամբ — ի՞նչ է սպասում հայ ժողովրդին, ի՞նչ նոր աղետներ։ Թուրքիայից ամեն օր գալիս էին մեկը մյուսից ավելի հուսահատիչ լուրեր։ Կովկասում հայ-թրքական ընդհարումները սպառնում էին՝ մի նոր ձև ու թափ ստանալ։ Ամեն անգամ Թիֆլիսի լրագրկերը բանալիս սիրտս տրոփում էր, թե ահա-ահա պիտի կարդամ նոր եղեռնների մասին։ Այդ այն ժամանակ էր, երբ Վորոնցով-Դաշկով փոխարքայի նախագահությամբ տեղի ունեցող «միջազգային» ժողովները ստով ու կեղծիքով մոլորեցնում էին թե՛ հայ և թե՛ թուրք ազգաբնակությանը։ Հիշում եմ այդ ստերից մեկը։ Նրա անամոթությունն ավելի, քան որևէ մեկը, ես գիտեի։ Ժողովներից մեկում թուրք հրապարակախոս Ահմեդ-բեգ Աղաևը դաշնակցականներին հարցնում է.

— Ինչու՞ միջոցներ չձեռնարկեցիք մեր եղբայրասպան ընդհարումների առաջն առնելու, երբ Շիրվանզադեն Բաքվի կոտորածներից երկու ամիս առաջ ձեզ նախազգուշացրեց այդ մասին։

— Մենք միջոցների դիմեցինք, բայց ոստիկանությունը մեզնից զորավոր եղավ, ի՞նչ կարող էինք անել,— պատասխանեց ժողովականներից մեկը։