Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/347

Այս էջը սրբագրված է

— Զենքի համար։

— Ո՞ւմ դեմ պիտի գործածենք զենքը։

— Կովկասյան թուրքերի դեմ։

— Ուրեմն պիտի շարունակե՞ք կռիվը։

— Պիտի շարունակենք։

— Մինչև ե՞րբ։

— Մինչև կատարյալ հաղթություն։

— Ասացեք, մինչև կատարյալ պարտություն, այդ ավելի ճիշտ կլինի։

— Երկուսից մեկը, կամ մենք պիտի ապրենք, կամ թուրքերը։

— Հաշտության ոչ մի միջոց չե՞ք գտնում։

— Չենք գտնում։

— Եվ չեք էլ աշխատում գտնելու, իհարկե։

— Այո։ Հայ և թուրք հակառակ բևեռներ են, որ երբեք չեն միանալ...

Եվ այգ լեզվով խոսում էր այն մարդը, որ դաշնակցության շեֆերի մեջ ամենամեղմն ու ամենաբարին էր համարվում։ Ճիշտ նույն լեզվով էին խոսում կարաբեկովներն ու սուլթանովները։

Ինքը դաշնակցությունն էր կանխավ որոշել, թե որ հարուստը որքան պիտի տա։ Պահանջը միլիոնների էր հասնում։ Հիշում եմ միայն Ալեքսանդր Մանթաշյանի վրա դրված տուրքը—400 հազար ռուբլի։ Եվ սկսվեց մի ինքնատեսակ սակարկություն հայ բուրժուազիայի ու դաշնակցության մեջ։ Եվ այլանդակ ու ամոթալի վաճառքին ենթարկվեց երկու դարավոր հարևան ժողովուրդների անմեղ արյունը։

Չեմ հիշում, սակարկությունն ինչ գումարի հանգեց, բայց լավ հիշում եմ, որ դաշնակցության պատգամավորները Փարիզից հեռացան գոհ սրտով...

Օրն երկու անդամ այցելում էի լատինական արվարձանի ամենահին սրճարանը՝ Cafe Souffet։ Այդ կաֆեն պատմական էր ռուս էմիգրանտների համար։ Հերցենի և Լավրովի օրերից սկսած նա էր եղել նրանց ժամադրավայրը Փարիզում։

Այժմ այցելում էին 1905 թվականի հեղափոխության ղեկավարները և Շլիսելբուրգի ու Պհտրռպավլովսկու