Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/35

Այս էջը հաստատված է

Եվ այսպես, երազս չիրագործվեց, ես չարժանացա ծովային ծառայության։

Մնաս բարով, լայնատարած ծով, քո հմայիչ նավերով ու նավակներով, քո կանաչ մակերեսով և խորհրդավոր հեռանկարներով։ Մնաք բարով, անուշ երազներ, որ ինձ սլացնում էիք հեռու, անծանոթ աշխարհներ, ուր իմ պատանեկան վառ երևակայությունն ստեղծել էր այնքան եդեմներ...

Մնաս բարով և դու, իմ բարի խնամատար, քո պարծանքներով, քո ապակիների կիսապահարանով և քո փառավոր մուշտակով, որ այնքան խեղճացած տեսա կեղտոտ վերմակների վրա։ Քո խոստումները սուտ էին, բայց ոչ չարամիտ։ Գիտեմ, որ դու անկեղծորեն ուզում էիր ինձ բարություն անել և, ստելով, ինքդ էլ հավատում էիր քո ստերին։

Տասնյակ տարիներ անցան։ Բաքու գալով` մի օր հանդիպեցի Կարկուտ Գասպարին։ Ո՜րքան փոխվել էր նա։ Նրա գզգզված մորուքը ճերմակել էր բամբակի պես, արագաշարժ ոտները թուլացել էին։ Նա մեջքից կորացել էր, վառվռուն աչքերը մարել էին մեռած աստղերի պես։ Բայց նա դարձյալ հպարտությամբ պատասխանեց իմ բարևին, և ես զգացի, որ դարձյալ հարգում ու սիրում եմ նրան, ինչպես մարդը սիրում ու հարգում է իր անցյալը։

Ես հարցրի նրա առողջությունը։ Չգանգատվեց, միայն ասաց.

— Մի քիչ ծերացել եմ։

Չկար այլևս նրա ձայնի մեջ խրոխտություն և խոսքերի մեջ արագություն։ Կարկուտը հալվել էր տարիների սառնության մեջ։ Փափագեցի հարցնել կնոջ մասին, շատ էի հետաքրքրվում։

— Ընտանիքդ ողջ-առո՞ղջ է,— հարցրի փափկանկատությամբ։

— Շնորհակալ եմ, կինս անցյալ տարի վախճանվեց։

Քիչ էր մնում ասեի՝ «Փառք աստծու, ազատվեցիր», հանկարծ տեսա մի անսպասելի և անբացատրելի բան, Գասպարը լաց եղավ։