ժամանակ ինչ որ ձեռքն էր ընկնում, անմիջապես ծախսում էր, առանք վաղվա մասին մտածելու։ Բանաստեղծ էր ոչ միայն իր տաղանդով, այլև սրտով։ Թող իմ այս դարձվածը տարօրինակ չհամարվի: Տաղանդավոր ստեղծագործողներ եմ տեսել, որոնք կարող էին մրցել անմահ Հարպագոնի հետ: Այլ է ստեղծագործությունը, այլ է կյանքը։ Մեծագույն բանաստեղծությունն արհամարհանքն է դեպի սեփականությունը։ Ով մամոնային պաշտում է, նա Ապոլոնին անարգում է... Ժլատությունն ախտավոր հոգու նշան է...
Թուրքական հեղափոխությունից հետո Սիամանթոն ուղևորվեց Ամերիկա։ Այնտեղ նա դաշնակցական լրագրերում գրեց մի շարք ոտանավորներ, որոնցով նա գաղթականներին կոչ էր անում հայրենիք վերադառնալու։ Այդպես էր նրան պատվիրել դաշնակցությունը։ Ես նրանից ստացա մի քանի նամակներ բավական զվարթ բովանդակությամբ։ Բանաստեղծը հավատում էր թուրքահայ ժողովրդի ազատագրմանը։ Սահմանադրական Թուրքիայի գազանությունների ժամանակ ես նրան չհանդիպեցի: Միայն 1913 թվականին տեսա նրան Թիֆլիսում, երբ Պոլսից ուղեկցել էր Սիմեոն Զավարյանի դիակին: Նա նորեն մռայլվել էր և ավելի հուսալքված էր, քան Փարիզում։ Բայց Կովկասը նրան գրավել էր։
— Եթե հնար ունենայի,— ասաց նա մի օր ինձ,— ուրախությամբ հոս կը կենայի։
Հոգեպես նա դաշնակցությունից վաղուց էր անջատվել: Այդ նա չէր թաքցնում ինձնից։ Այժմ փափագում էր ամեն մի կապ խզել այդ կուսակցության հետ, որ այնքան շահագործել էր նրա բոցավառ տաղանդը։ Այժմ նա երազում էր նվիրվել ազատ ստեղծագործության։
Այդ օրերին ես որոշել էի ժամանակավորապես տեղափոխվել Մոսկվա։ Մտադիր էի այնտեղ կազմակերպել մի մեծածավալ զուտ գրական ամսագրի հրատարակություն, բոլոր անվանի հայ գրիչների և մի քանի ռուս հայտնի գրողների աշխատակցությամբ։ Այս առթիվ ես ունեի արդեն ոմանք հոժարությունը։ Ամսագրի նյութականը խոստացել էին ապահովել մի քանի բաքվեցի բարեկամներ, գլխավորապես իմ բարեկամ Արսեն Բուդաղյանն ու իր հայրը։ 1914 թվսւկանի