նախագահ, վախենալով մի գուցե այլ կերպ վիրավորեմ նորին թագավորական գոռոզությունը, աոաջին խոսքը նրան տվեցի։
Ինքնագոհության ոգուց շատ քչերն են ապահովված, այս ճիշտ է, բայց կա մի բան, որ ամենուրեք և կյանքի բոլոր խավերում ատելի է։ Դա ինքնապաշտման ցուցադրումն է։ Ամենագեղեցիկ կինն անգամ հակակրելի է, երբ նրա երեսի վրա կարդում ես. «Տեսեք, որքան գեղեցիկ եմ ես»։
Անշուշտ ֆրանսիացին էլ զերծ չէ ինքնահավանության ախտից և գուցե ավելի է վարակված նրանով, քան մի ուրիշը, բայց գոնե արտաքուստ համեստ է։ Նա իր ճակատի վրա աֆիշ չի կրում։ Փարիզի կաֆեներում դուք ամեն օր կհանդիպեք շատ համբավավոր բանաստեղծների, նկարիչների, արձանագործների և այլն, բայց երբեք չեք կարող նրանց արտաքինից ու կեցվածքից գիտենալ մարդն ինչ է, վաճառակա՞ն, թե՞ արվեստագետ, թե՞ գիտնական։ Ֆրանսիացին որքան համբավավոր է, նույնքան անսեթևեթ է ու համեստ. գոնե արտաքուստ։
Կաֆե «Սուֆլե» հաճախ ճաշից հետո գալիս էր մի հեզահամբույր ծերունի, նստում էր մի անկյունում, խոսում էր բարեկամաբար իրան սպասարկող գարսոնի հետ, կարդում էր երեկոյան լրագրերը, խմում էր իր մի բաժակ սուրճը կամ գարեջուրը և տասը ժամին գնում էր։
Մի անգամ նա չեկավ, և մի քանի օր ես նրան չտեսա։
— Պիեր,— հարցրի ես ծերունուն սպասարկողին,— ո՞ւր է ձեր բարեկամ ծերունին, որ այլևս չի գալիս։
— Վախճանվեց, մի՞թե չգիտեք։
— Ինչպե՞ս կարող էի գիտնալ։
— Ահ,— զարմացավ սպասավորը,— չգիտենալ, թե ով էր նա, որին այնպիսի շքով թաղեցին անցյալ օրը։ Պարզվեց, որ ծերունին հռչակավոր քիմիկոս, ակադեմիկոս Բերթըլոն էր, որի թաղմանը ես էլ ներկա էի եղել Արշակ Չոբանյանի և բժիշկ Ավետիք Բաբայանի հետ որպես պատգամավոր Փարիզի հայ գաղութի կողմից[1]
- ↑ ։ Մարսըլեն Բերթըլոն իր մինիստրության, ապա սենատորության ժամանակ շատ էր աշխատել թուրքահայ դատի համար։ Նա թաղվեց Պանթեոնում իր կնոջ հետ, որ վախճանվել էր միևնույն օրը, գրեթե միևնույն ժամին։ Հետաքրքրական է համբավավոր գիտնականի մահը։ Կինը վախճանվելու երեկոն ութսունամյա ծերունին լինում է Ակադեմիայում։ Երբ նրան հաղորդում են տխուր լուրը, վերադառնում է տուն, համբուրում է կնոջ դիակը, անցնում է իր առանձնասենյակը և այնտեղ վախճանվում։ Պառլամենտը, հարգելով գիտնականի որդկերանց խնդիրը, որոծեց չանջատել ամուսիններին, որ հիսուն տարի կենակցել են հաշտությամբ և սիրով, տիկին Բերթըլոն եղավ առաջին կինը, որ արժանացավ Վոլտերի, Վիկտոր Հյուգոյի, Ժոռեսի և Էմիլ Զոլայի հարևանությանը։ Շ․։