Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/361

Այս էջը սրբագրված է

Անատոլ Ֆրանսը չտատանվեց կարդալ և իր հեղինակավոր հառաջաբանով շուկա բանալ Արմեն Օհանյանի La danseuse de Chemakha շնորհալի գրքի համար։ Իսկ ո՞վ էր Արմեն Օհանյանը նրա համար.— Կովկասի խուլ անկյունից, Շամախուց եկած մի պարուհի։

Այո, ֆրանսիացի գիտնականը, գրողը, արվեստագետը համեստ է, թող այդ համեստությունը լինի արտաքին, բայց դա կուլտուրա է, ուստի և համակրելի հատկություն։ Բա՛լմոնտների մեծությունն իրանց մեծամտության մեջ է։

Միայն մի դեպքում իմ միտքը մի փոքր շփոթվեց ֆրանսիացու համեստության մասին։ Հայտնի բանաստեղծ Ժան Մորեասը ամեն անգամ «Կլոզըրի դե Լիլա» էր մտնում արքայական քայլվածքով, գլուխը բարձր պահած, հազիվհազ պատասխանելով իր բարեկամների բարևներին։ Կարծես, ուզում էր ասել, թե եկողն ինքն Ապոլլոնն է։ Եվ, նստելով սեղանի գլուխը, ձեռը բարձրացնում ու արտասանում էր իր ոտանավորներից որևէ մեկն, ապա ինքնագոհ դեմքով հարցնում էր․

— Սքանչելի է, այնպես չէ՞։

Նա մեռավ. կարդացի կենսագրությունը, և այն ժամանակ գիտցա, որ Ժան Մորեասը ֆրանսիացի չէ, այլ հույն, իսկական անունը — խնդրեմ արտասանեք, եթե կարող եք— Պապադիամանտոպուլոս։

Քանի որ խոսքս մեծամտության մասին է, թող թույլ տրվի ինձ առաջ բերել մի փոքրիկ դիպված, որ բավական բնորոշ է։

Փարիզի շքեղ սրահներից մեկում մի մեծ բարեգործական երեկույթ էր։ Գեղարվեստական բաժնին մասնակցելու