Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/363

Այս էջը սրբագրված է

ստրուկն էի, անում էի այն, ինչ որ րոպեն էր թելադրում։ Ավա՜ղ, այժմ էլ ես նույնն եմ։

Չէի գրում և գրելու ցանկություն էլ չէի զգում, իսկ լրագրական թղթակցությունն ինձ վաղուց էր զզվեցրել․ անօգուտ և տխմար աշխատանք էր, որից բարեբախտաբար շատ շուտ հրաժարվեցի։

Բայց կարդում էի և շատ էի կարդում, օրական 3 — 4 լրագիր և գրեթե բոլոր գրական ամսագրերն և կիսաամսագրերը, չհաշվելով, իհարկե, առանձին լույս տեսած հետաքրքրական գրքերը։ Կարդում էի ոչ այնքան տանը, որքան սրճարաններում։

Չգիտեմ ինչո՞ւ, մեզ մոտ Փարիզի սրճարանների մասին կազմվել է մի վատ գաղափար։ Կարծվում է, թե նրանք ուրիշ ոչինչ են, եթե ոչ շվայտության ու անառակության վայրեր։ Այդպես չէ։ Կաֆեն ֆրանսիացու երկրորդ ընտանեկան հարկն է և առաջին ժամադրավայրը։ Այնտեղ են գլխավորապես իրարու հանդիպում բարեկամները, գործի մարդիկ և անգործ ռանտիեները, արվեստագետները, գիտնականները, պառլամենտի անդամները։ Նույնիսկ ընտանիքների փոխադարձ ընդունելությունները հաճախ այնտեղ են լինում։

Շատ բանաստեղծներ ու գրողներ կաֆեներումն են հորինում իրանց երկերը երաժշտության, կանանց քրքիջների, սիրային շշուկների և սպասավորների աղմկալի իրարանցման ներդաշնակությամբ։ Այնտեղ միշտ կա տաք անկյուն, հարմար բազմոց, գրիչ, թուղթ և մի բաժակ ըմպելիք, որը սիրում ես։

Ես սիրում էի աբսենտը, երկչոտների ահն ու սարսափը, Նիցչեի անուրջը, Վեպենի տեսիլքը։ Խմում էի սովորաբար իրիկնադեմին ճաշից առաջ, երբեմն էլ միջօրեին, երբ տանը չէի նախաճաշում։ Խմում էի հաճախ երկու բաժակ, և տրամադրությունս բարձրանում էր, բարձրանում մինչև էյֆելյան աշտարակի գագաթը։ Մեր լիրիկոսները կարող են ասել․ «Այդ շատ էլ մեծ բարձրություն չէ»։ Բայց, ինչ արած, աստղերը շատ են հեռու ինձնից։

Այո, աբսենտը ըմպելիքների աստվածուհին է։ Թող նա