Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/364

Այս էջը սրբագրված է

լինի վնասակար մարմնի համար, բայց հոգու փրկությունն է կյանքի առօրյա հոգսերից ու տվայտանքներից։ Ահա ինչու ես անկեղծորեն վշտացա, երբ վերքին այցելությամբս իմացա, որ այդ սքանչելի հեղուկի գործածությունն արգելված է ֆրանսիական պառլամենտի որոշմամբ։ Բուրժուական կառավարության կեղծիքի և փարիսեցության մի ապացույց ևս. աբսենտն արգելելով, թույլատրել է մի նոր «թույն» anis de loso, որ պակաս զորավոր չէ, քան առաջինը... Ոչինչ, ես դրանով էլ գոհ էի։

Իմ աննպատակ թափառումների ամենասիրելի վարերը Փարիզի շրջակայքն էին։ Բելվյու, Մեդոն, Սեվր, Սյուրեն, Սեն-Ժերմեն, Սեն-Կլու մի-մի զմայլելի անկյուններ են մեծ քաղաքի փոթորկալի աղմուկից հոգնած ներվերի հանգստության համար։

Ես գերադասում էի Սեն-Կլուն։ Գնում էի այնտեղ շա¬ բաթը երկու-երեք անգամ և մեծ մասամբ մենակ։ Գնում էի շոգենավով և շատ քիչ դեպքերում տրամվայով կամ երկաթուղով։ Ինքնըստինքյան Սեն-Կլուն հետաքրքրական չէ, գավառական քաղաքի պես մի բան է 15000 բնակչությամբ, ոչ այնքան մաքուր և ոչ այնքան գեղեցիկ։ Բայց նա ունի մի պարկ, որի հավասարը գեղեցկության տեսակետից հազիվ թե ունենա մի ուրիշ երկիր։ Նա թեք տարածվում է մի լայնատարած սարալանջի վրա։ Այդտեղից տեսնում ես Փարիզի ամբողջ պանորաման իր հոյակապ կոթողներով, անթիվ պարտեզներով և Բուա դը Բուլոնի միշտ կանաչազարդ անտառներով։ Մարմարյա սքանչելի արձաններով զարդարված քարե ընդարձակ սանդուղքներով բարձրանում ես վեր և մտնում ես դարավոր վիթխարի ծառերի աշխարհը։ Այդտեղ անմիջապես քեզ գրավում են բազմաթիվ թռչունների երգեհոնը և ծաղկանոցների բուրմունքը։ Ավելի ու ավելի վեր բարձրանալով, հասնում ես մի դալարազարդ քարուղի, ուսկից աստղաձև տարածվում են մի շարք ծառուղիներ հեոու ու հեռու, մինչև անհայտություն, մինչև մթություն։

Նստելով մի քարե նստարանի վրա, դիտում էի զմայլելի պանորաման և տխրում էի, միշտ տխրում։ Թե ինչու— չգիտեի և չէի կարողանում բացատրել, միևնույն ժամանակ