Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/369

Այս էջը սրբագրված է

— Սոմիկո, այսօրվա տոնն էլ համարյա թե միևնույնն է, չարժե տեսնել։

— Ո՞նց թե նույնն է,— բարկացավ Սոմիկոն,— հապա աղջիկնե՞րը։

— Ի՞նչ աղջիկներ։

— Ուրեմն դու չգիտե՞ս։ Ասում են, այսօրվա համար քաղաքի այն մեծ բազարը, որ տեսանք, մի շատ սիրուն աղջիկ պիտի ցույց տա։ Ասում են այդ աղջիկը Փարիզի առաջին գեղեցկուհին է և պիտի թագուհու պատիվների արժանանա։

— Գիտեմ, Սոմիկո, կարդացել եմ լրագրներում։ Թագուհու հետ միասին ընտրված են և մի խումբ շատ սիրուն աղջիկներ, որ պիտի ուղեկցեն նրան։ Թագուհին իր շքախըմբով և մեծ թափորով պիտի գնա հանրապետության նախագահի մոտ, արժանանա նրա համբույրին, պիտի նվեր ստանա և հետո շրջի քաղաքի գլխավոր բուլվարներում։

— Դե որ գիտեք, էլ ինչո՞ւ եք տանը նստել։

— Բայց ի՞նչն է ձեզ հետաքրքրում։ Թափո՞րը։

— Տո, քո թափոր-մափոր հնարողի հերն եմ անիծել, ինչիս է պետք։ Ինձ հետաքրքրողն այդ թագուհին է և նրա ընկեր աղջիկները։ Մի տեսնենք, ինչ արմաղան բաներ են, որ այդքան գովում են։

Ես սիրում էի Սոմիկոյի ընկերությունը։ Իհարկե, ոչ միշտ, այլ այն ժամանակ, երբ զգում էի գլուխս չհոգնեցնող մեկի ընկերության պահանջը։ Այդպիսի մեկն էր Սոմիկոն։ Հաճելի էր ինձ համար նրա խառնվածքի անմիջականությունը։ Մարդն իր խելքով կյանքի բոլոր խնդիրները մի անգամ առմիշտ լուծել էր և այլևս իր գլուխը չէր հոգնեցնում և, որ ամենագլխավորն է, ոչ ոքի էլ չէր ձանձրացնում իր մտքի գործողությամբ։ Երբեք նա ինձ չէր հոգնեցնում իր հարցերով և ոչ էլ հետաքրքրվում էր իմ կարծիքով այս կամ այն բանի մասին։ Նա ուներ իր սեփական բարոյական ու մտավոր չափանիշը, որի արդարության և ճշգրտության վերաբերմամբ ոչ մի կասկած չուներ։ Երբ խոսում էր, կարծես, ամենևին չէր հոգում, արդյոք լսողը ուշադի՞ր է, թե ոչ դեպի իր ասածները, և ես նրա ընկերության մեջ զգում էի միանգամայն ազատ։ Կարող էի մնալ ամփոփված իմ