Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/37

Այս էջը հաստատված է

պաշտոնիս հետ։ Պետք է ասեմ, որ իմ մորաքրոջ զավակները զարմանալի ընթերցասեր էին։ Նրանք այստեղից-այնտեղից բերում էին լրագրեր ու գրքեր, որոնք վերջ ի վերջո ինձ ևս հետաքրքրեցին։ Լավ էին թե վատ այդ գրքերը, չէի կարող որոշել, բայց բոլորն էլ կարդում էի անխտիր հավասար հետաքրքրությամբ։ Առանձին ուշադրությամբ ես կարդում էի «Մեղու Հայաստանի» և «Մշակ» լրագիրը և «Հյուսիսափայլ»-ի ու «Կռունկ Հայաստանի» համարները, մանավանդ «Քնար հայկական»-ի։ Ավելի ուշ կարդում էի «Փորձ» ամսագիրը։

Հարատև ընթերցանության ազդեցությամբ կյանքը հետզհետե փոխվում էր իմ աչքում կամ, ավելի ճիշտ ասած, նա գունավորվում էր։ Մինչ առաջ ինձ թվում էր, որ նա բաղկացած էր երկու ծայրերից — երջանկությունից ու դժբախտությունից, այժմ իմ աչքի առջև պարզվում էին նրա միջին խավերը, և ես տեսնում էի, որ իրոք նա ծայրեր չունի, որ անպայման ոչինչ չկա, ոչ երջանկություն, ոչ դժբախտություն։ Եվ ահա ես, որ ինձ համարում էի ճակատագրի խորթ զավակ, գտա իմ բարձրագույն սփոփանքը — գիրքը։ Այնտեղ ես մոռանում էի իմ անցյալի տվայտանքներն ու իմ ներկայի հոգսերը։

Իմ անմիջական մեծավոր Համբարձում-բեգը շատ սահմանափակ, բայց և շատ բարի ու ազնիվ մարդ էր։ Նա իմ մորեղբոր բաժակակիցներից էր, սիրում էր հառաչանքներով հիշել Շամախու քեֆերը։ Այնտեղ էր նա անցկացրել իր «գիժ» ջահելությունը։ Ահ, այժմ էլ աչքիս առջև է այդ մարդն իր ձմերուկաձև փորով, կարճ վզով, մաքուր սափրած կլորիկ երեսով, փոքրիկ ու սև բեղերով, որ բզեզների էին նման։ Երբ նա նստած էր, թվում էր, թե պարթևահասակ մեկն էր, երբ ոտքի էր ելնում — փոքրանում էր, երբ ման էր գալիս — կարճլիկ ոտները լայն պանթալոնի մեջ, կարծես, չէին բաժանվում իրարուց։ Նա ստեպ-ստեպ իր փափուկ ու մազմազոտ մատներով շփում էր մսալի ճակատը, մանկական աչքերը և կոկորդի եռյակ ծալքերը, կարծես ինչ-որ հարթելու համար։ Հետո նայում էր իր կրծքին, փորին, ոտներին և մելամաղձոտ հայացքը գցում հեռու, չգիտեմ ուր։