Միջին ֆրանսուհու կատարելատիպն էր իր կազմվածքի նրբությամբ և դիմագծերի գեղեցկությամբ։ Թեթև մետաքսյա թասակի տակից նրա բաց շագանակագույն գանգուր մազերը, սփռվելով շուշանի նման ճերմակ ուսերի վրա, հազիվհազ սքողում էին նրա բաց կուրծքը։ Հոգեկան հաճույքից նրա այտերը կարմրել էին, և երկնագույն աչքերը պսպղում էին ադամանդների պես։ Պակաս գեղեցկուհիներ չէին նրա ընկերուհիները։ Նրանք թվով վեց էին և նույնպես ծաղիկներ էին ձգում ամբոխի վրա, փոխարենն աջից ու ձախից նետվող փնջիկները որսալով։
Ամբոխը ծափահարում էր «թագուհուն» առանց ջերմ ոգևորության, կարծես, քաղաքավարության մի պարտք կատարելու համար։ Երիտասարդները տալիս էին իրանց գնահատականը երբեմն սրամիտ, հաճախ բանալ համեմատություններով։ Ոմանք պարսավում էին ժյուրիի ճաշակը, մյուսները ընդհակառակը գովաբանում էին։ Ծերունիները, մանավանդ պառավ կանայք, դժգոհ էին և պնդում էին, թե փարիզուհին կորցրել է իր առաջվա գեղեցկությունն ու նրբությունը և հիացմամբ էին հիշում անցյալի «թագուհիներին»։ Նրանց ասելով, նույնիսկ ամբողջ տոնակատարությունը չունի իր վաղեմի շուքն ու հանդիսավորությունը։
— Այդպե՞ս էր միթե կայսրության ժամանակը,— ասում էր քովս կանգնած ութսուն տարեկան մի ծերունի,— ոչ, տիկիններ և պարոններ, մի վիճեք, հանրապետությունն ամեն ինչ աղավաղեց ու փչացրեց։ Ֆրանսիան կործանվում է։
Սոմիկոն մի քանի վայրկյան հեղինակավոր հայացքով դիտեց գեղեցկուհիներին և, հառաչելով, ասաց.
— է՜հ, ինչ ասեմ, երանի այն տղամարդկանց, որ պիտի վայելեն այդ աղջիկներին։ Թող մենք էլ գոնե ծաղիկներով զովացնենք մեր այրող սրտերը։
Ասաց և, անմիջապես գնելով մի խուրձ ծաղիկներ, վազեց դեպի թափորը։ Չնայելով ոստիկանների արգելքին, նա կարողացավ մոտենալ «թագուհու» ամբիոնին և, ցիլինդրը վերցնելով, ծաղիկները ձեռքից ձեռք տվեց «թագուհուն»։
— Լսեցի՞ր,— ասաց նա անսահման