Էի նրան, երբ մի գարնանային առավոտ տեսա Բուա դր Բուլոն ավենյուում։ Նա հեռվիր գալիս էր դեմուդեմ գլուխը կրծքին թեքած և, կարծես, անուշադիր դեպի շուրջը։ Երբ, գլուխը բարձրացնելով, ինձ նկատեց, թվաց ինձ, որ մի տեսակ շփոթվեց։ Նա փորձեց մի կերպ խուսափել հանդիպումից և շեղվեց իր ճանապարհից։ Բայց ես մոտեցա նրան առանց նեղվելու։ Նա իմ բարևն ընդունեց ոչ այնքան սառնությամբ, որքան այլայլվելով։
Մի քանի րոպե մենք ընթանում էին քովե-քով լուռ։ Որքան ես հետաքրքրված լինեի գիտենալու, թե որտեղ է եղել և ինչ է արել իր մի ամսվա բացակայության ընթացքում, չկամեցա այդ մասին խոսք բանալք լավ զգալով, որ վերջ է վերջո նա ինքն է խոսելու։ Այդպես էլ եղավ։
— Բիարրիցումն էի,— ասաց նա քթի տակ։
— Ինչո՞ւ էիք գնացել։
— Հենց այնպես, քեֆս տվեց, գնացի,— պատասխանեց նա մի եղանակով, որ թույլ չէր տալիս խոսակցությունը շարունակելու։ Վերջապես, նա ինքը ձանձրացավ լռությունից և ամեն ինչ պատմեց իր բնավորությանը հատուկ պարզությամբ: Հայտնվեց, որ բարոնեսսա կոչվածն ուրիշ ոչ ոք է եղել, եթե ոչ մեկն այն կոսմոպոլիտ ավանտյուրիստներից, որոնք տարենը տասներկու ամիս թափառում են Եվրոպայում, անցնելով երկրից երկիր, քաղաքից քաղաք, ամեն տեղ երևալով մի նոր անունով և նոր տիտղոսով։ Նրանք գիտեն բոլոր եվրոպական լեզուները, լավ թե վատ խոսում են ազատ, և ոչ ոք չգիտե, թե իրոք ինչ ազգից և որ երկրի ծնունդ են։ Այդպիսի մեկն էր բարոնեսսան, լսելով Սոմիկոյի պատմածները, բայց ինքը Սոմիկոն համառում էր մնալ իր նախկին համոզման մեջ, այն է, թե բարոնեսսան իրապես բարոնեսսա է ու մեծահարուստ ֆաբրիկանտի դուստր։
— Իսկ փողե՞րը,— հարցրի ես,— ետ ստացա՞ք։
— Ո՛չ։
— Ծխախոտի տո՞ւփը։
— Մի՛ հարցնեք։