Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/38

Այս էջը հաստատված է

Երբ նա խմում էր մի քանի բաժակ Մադրասու գինի, ամբողջ երեսուն տարով երիտասարդանում էր, կարող եմ ասել, ուղղակի մանկանում էր։ Նրա կլորիկ թշերը կարմրում էին Ախալցխայի խնձորների պես, նրա հյութալի աչքերը պսպղում էին մանկական փայլով։ Նա չէր կարողանում պաղարյուն լսել թառի ձայնը, իսկ երբ դուդուկ էր նվագում, գլուխը հենում էր ձեռքի ափին և երգում, իսկ զուռնա ածելիս պարում էր ու թռչկոտում խելագարի պես։ Երբեմն լալիս էր, փաթաթվելով սրա ու նրա պարանոցին։ Մեծ խնջույքներում ու հարուստ ընտանիքներում Համբարձում-բեգն ամենացանկալի հյուրն էր ամենքի համար։ Հաճախ թամադա էր ընտրվում, և միշտ կենացները շփոթում էր կամ մոռանում։ Այնուամենայնիվ, ամենքին ոգևորում էր և ամենքին վարակում իր զվարճությամբ։

Ծառայության մեջ Համբարձում-բեգը չգիտեր ոչ մեծերին քծնել և ոչ փոքրերին ճնշել կամ արհամարհել։ Մի ահագին պատիժ էր նրա համար նահանգապետին կամ փոխնահանգապետին ներկայանալը, որովհետև այդ ժամանակ նա պիտի հագներ իր պաշտոնական մունդիրը, իր բարեհամբույր դեմքին տար ստորադրյալի հանդիսավոր լրջություն և մանավանդ զսպեր իր մշտական փռշտոցն ու բխկոցը։ Բայց որ ամենագլխավորն էր, նա պետք է ռուսերեն խոսեր անաղարտ, այնինչ սովոր էր խոսքի տակին-գլխին ավելացնել. «Ադա»— «ախար, ցե-ցը, բա-բա, նահլաթ քեզ, չար սատանա» և այլն և այլն, բառեր, որ միանգամայն անհասկանալի էին ռուս մեծավորի համար։

Գրագիրները սիրում էին Համբարձում-բեգին, մինչև անգամ թույլ էին տալիս իրանց նրա հետ կատակելու։ Եվ նա ոչ միայն չէր վիրավորվում իր մասին արտասանած սրախոսություններից, այլև ձեռը դնելով կլորիկ փորի վրա, կուշտ-կուշտ ծիծաղում էր երբեմն այնպես ուժգին, որ աչքերից արցունք էին թափվում։

Ես սովորաբար նստում էի մի շատ մեծ գրասեղանի քով երկու ռուս գրագիրների հետ։ Մեկը դրանցից մի սևահեր, թխադեմ, նիհար երիտասարդ էր, որ շարունակ հրեաների կյանքից անհամ անեկդոտներ էր պատմում և