օդային նամակ։ Նա գրում էր, թե, տկար լինելով, ինքը չի կարող ինձ մոտ գալ և խնդրում էր այցելել իրան մի «կարևոր գործի» համար։ Ես շտապեցի գնալ։ Նա պառկած էր անկողնում ճակատը թաշկինակով կապած և երեսը նկատվելու չափ ուռած ու տեղ-տեղ կապտած։
— Նստեցեք, եղբայր, նստեցեք ու լսեցեք։ Բարեկամu միայն ձեզ կարող եմ գլխիս եկած փորձանքը պատմել։
— Փորձա՞նք,— կրկնեցի ես զարմացած։
— Փորձանք, բա ինչ, չե՞ք տեսնում սիփաթս...
Եվ նա պատմեց։ Նախընթաց օրը նա մեծ բուլվարներից սեկի վրա, մի փոքրիկ սրճարանում տեսնում է մի շատ «համեստ ու համակրելի դեմքով» կին և իսկույն ծանոթանում է հետը, հրավիրում է ճաշի։ Կինն ընդունում է նրա հրավերը մի քիչ դժվարությամբ, ասելով, թե ամուսին ունի և չի կարող իրան շատ էլ ազատ պահել։ Ճաշից հետո Սոմիկոն նրան տանում է ցիրկ և կեսգիշերին հրավիրում է իր նոմերը։ Կինը չի համաձայնվում գնալ, երդվելով, թե իր կյանքում հյուրանոցի երես չի տեսել, թե ինքը բնակարան ունի, եթե պարոնը շատ է փափագում գիշերը նրա հետ անցկացնել, կարող են այնտեղ գնալ։
— Իսկ ամուսի՞նդ,— հարցնում եմ ես,— շարունակեց Սոմիկոն։— «Ամուսինս, ասում է, հինգ օրով գործով գնացել է Դիժոն։» Ես, իհարկե, ուրախությամբ ընդունում եմ նրա հրավերը։ Գնում ենք։ Իսկ որ երեք սենյակից բաղկացած մի օրինավոր բնակարան բավական ճաշակով կահավորված, մինչև անգամ պիանինոյի պես մի բան է մի անկյունում։ Քեֆս բացվում է, սկսում եմ սիրաբանել, գրկել, համբուրել ոչ ինչպես մի պոռնիկի, այլ ինչպես մի օրինավոր ընտանեկան կնոջ։ Նա էլ ինձ է համբուրում, բայց մի քիչ կոտրատվելով և դժվարությամբ։ Երդվում է, որ առաջին անգամն է թույլ տալիս իրան մի ուրիշ տղամարդի հետ սիրաբանելու, որ ես շատ եմ դուր եկել նրան, առաջինն եմ, որ արժանանում եմ նրա համակրությանը և այլն։ Մեկ էլ հանկարծ գրկիցս դուրս թռչելով, սարսափած գոչում է.
— Ա՜յ դժբախտություն, նա գալիս է, նա գալիս է։
— Ո՞վ է գալիս,— հարցնում եմ: