— Ամուսինս, չե՞ս լսում ոտների ձայնը:
— Բայց չէ՞ որ ամուսինդ Դիժոնումն է,— գոռում եմ ես կատաղած, զգալով, որ այստեղ անպատճառ մի սատանայություն կա։
— Լռիր, մի գոռա,— սաստում է ինձ շան աղջիկը,— շուտ արա թաքնվիր, ես նրան կտանեմ մյուս սենյակ, դու մի կերպ դուրս կսլկվես։
— Ես հիմարի պես վերցնում եմ գլխարկս ու վերարկուս և մտնում եմ անկողնակալի տակ։
Այդտեղ ես չկարողացա ծիծաղս զսպել և փռթկացի։
— Ծիծաղեցեք, եղբայր, ծիծաղեցեք,— չվիրավորվեց Սոմիկոն,— ունեք իրավունք, բայց լսեցեք մինչև վերջը։ — Շան աղջիկը բաց արավ դռները, մարդը ներս մտավ։ Շունչս զսպած սպասում եմ, թե ինչ պիտի լինի և անկողնակալի տաակից մտիկ եմ անում գող կատվի պես։ Տեսնում եմ, որ մարդը հարբած է, ոտքի վրա երերվում է։ Նա գոռում է «ո՞ւմ հետ էիր, ասա, ո՞րտեղ թաքցրիր սիրականիդ»։ Սատանայի ծնունդը երդվում է, թե «ոչ ոք չկա, թե սիրական չունի» և, միևնույն ժամանակ վազում կանգնում է անկողնակալի առջև, պարզ հասկացնելով մարդուն, թե որտեղ եմ թաքնված։ «Հեյ, այդտեղ է ուրեմն»,— գոռում է մարդը և, կնոջը մի կողմ հրելով, թեքվում է և ձեռքիցս բռնելով, ինձ դուրս է քաշում։ Դողդողալով ոտքի եմ կանգնում։ Առջևս կանգնած է մի հսկա տղամարդ, թիկունքն իմնից երկու անգամ լայն և ռևոլվերը ձեռքին։ Ես էլ ուզում եմ ռևոլվերս դուրս բերել, չկա։ Հասկանում եմ, որ սատանի ծնունդը սիրաբանության ժամանակ, ճարպկությամբ դուրս է բերել գրպանիցս։ Ինչ անեի դատարկ ձեռներով։ Հանկարծ վրես մի ուժ եկավ, կրծքին խփեցի, ընկավ: Շան աղջիկը ետևիցս բռնեց ձեռներս, մարդը վեր կացավ ընկած տեղից և, տուր որ կտաս։ Տեսնում ես էլի, ինչ երկարացնեմ, մարդ ու կին ինձ կողոպտեցին ոտքից մինչև գլուխ։ Վերցրին փողերս էլ, ոսկե ժամացույցն էլ, ոսկե շղթայով մատանիս էլ, ռևոլվերս էլ, ամեն ինչ...
— Եվ դուք վերադարձաք հյուրանոց ո՞տքով։