Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/383

Այս էջը սրբագրված է

X

Զվիցերիայում

Փարիզ գալուս աոաջին ամառը, այն է 1906 թվականին, որոշեցի մի կամ երկու ամսով ընտանիքիս հետ տեղափոխվել Զվիցերիա։

Ո՞վ չի կարդացել կամ լսել այդ երկրի բնական գեղեցկության և ժողովրդի բարքուվարքի մասին անվերջ դրվատներ։ Յուրաքանչյուր ճամփորդ, հայտնիներից սկսած մինչև հայ ուսանողը, մի տեսակ սրբազան պարտականություն է համարել իր հիացման տուրքը նրան վճարելու։ Գրիգոր Արծրունին մի տարի այնտեղ ապրելուց հետո «Մշակ»-ի բանասիրական բաժինը չորս-հինգ ամիս զբաղեցրեց Զվիցերիայի փառաբանությամբ։ Կարդալով նրա նկարագրությունները, ես այն տպավորությունն էի ստացել, թե աշխարհը չունի ավելի գեղեցիկ վայր, ավելի կուլտուրական ժողովուրդ, ավելի մաքուր ու բարոյական վարքուբարքեր, քան այդ, ինչպես ինքն էր ասում, «օրհնած» երկիրը։

Փարիզից մինչև Ժնև Դիժոն քաղաքի վրայսվ ընդամենը տասը ժամվա ճամփա է երկաթուղով։ Ես վերցրի գիշերային գնացքը, և լուսաբացին արդեն սահմանագլխումն էինք։ Պոնտառլիե կայարանում գնացքը փոխվում է։ Ճամփորդները ժամանակ ունեն դալարազարդ սարալանջի վրա, բաց օդում, առավոտյան արեգակի առաջին ախորժալի շողերի տակ զվիցերիական գովաբանված կաթն ու սերը կամ սուրճը ճաշակելու և իրենց ագահ հայացքը հագեցնելու գունագեղ լեռների ու դեղնագույն ապառաժների սքանչելի տեսարաններով։

Ժնևը փոքրիկ քաղաք է 130 հազար բնակիչներով։ Չի կարելի ասել, որ Ժան-Ժակ Ռուսոյի և Պռադիեի ծննդավայրն ունի մի առանձին գեղեցկություն, բայց, շինված լինելով բնության զմայլելի ծոցում, նա մի բացառիկ հմայք է ներշնչում ճամփորդին։ Դա գլխավորապես նրա առջև տարածված Լեման լիճն է, մանավանդ Ռոն գետը։ Ես ոչ մի երկրում չեմ տեսել ջրերի այդչափ պայծառ ու զվարթ գույն, որչափ այդ լճի և այդ գետի մեջ։ Ռոնի ջուրը, կարծես,