դողացին, և մնացի իմ տեղում գամված։ երկյուղը կաշկանդել էր ինձ, չէի կարողանում շարժվել։ Որդիներս մոտեցան, և նրանց օգնությամբ բարձրացա վեր ու իջա մյուս կողմը։
Մի բլրակ բարձրանալիս մարսելցին, հետևելով սևաչյա օրիորդին, սայթաքեց և ընկավ ձորակի մեջ։ Բարեբախտաբար ձորակը խորը չէր և ոչ էլ այնքան լայն, որ նրա բավական գեր մարմինը ներս ընդգրկեր։ Մարդը մնաց սրածայր բեկորների մեջ ինչպես թակարդ ընկած աղվես։ Առաջնորդն իր ալպենշտոկի և պարանի օգնությամբ նրան դուրս բերեց ձորակի բերնից անվնաս, Սակայն նրա քիթը բավական ջարդվել էր և երեսն արյունոտվել։ Մի բան, որ նրան չխանգարեց կրկնակի եռանդով հետամուտ լինելու սևաչյա օրիորդին, աշխատելով կես քայլ անգամ ետ չմնալ նրանից։ Դա նրա կողմից կատարյալ հերոսություն էր, աչքի առջև ունենալով նրա պատկառելի տարիքը և այծյամի պես բլրակից բլրակ և ձորակից ձորակ ոստոստող աղջկա թեթևությունը։
Լավ չեմ հիշում, բայց կարծեմ մոտ մի ժամ տևեց մեր անցքը։ Եվ ամենից առաջ անցնողը դարձյալ սևաչյա աղջիկն եղավ։ Նա արդեն դարձել էր մեր ամբողջ խմբի ուրախության և համակրանքի առարկան։ Իսկ խեղճ մարսելցին չարաչար խանդում էր, երբ որևէ մեկը մոտենում էր աղջկան, թեկուզ կին լիներ մոտեցողը։
Ո՞վ էր այդ զմայլելի աղջիկը։ Հազիվ այդ հարցը տվել էի ինձ, երբ նա ինքը հանկարծ մոտեցավ և ասաց ռուսերեն.
— Պարոն, կարծեմ, դուք կովկասցի եք։
— Այո՛։
— Իսկույն գուշակեցի ձեր արտասանությունից,— շարունակեց նա ժպտալով և իր գեղեցիկ ճակատից ետ վանելով գանգուր ու թանձր մազերը։
— Ներեցե՛ք, իսկ դուք ո՞ր երկրից եք,— հարցրի ես։
— Ես նույնպես կովկասցի եմ։
— Ո՞ր ազգությունից։
— Վրացուհի եմ, պարոն, Քութաիսից։
— Ճամփորդուհի՞ եք։
— Ոչ, այնպես, մի թեթև զբոսանք եմ կատարում։ Ես ուսանողուհի եմ Ժնևում: