— Ի՞նչ եք ուսանում:
— Հասարակական գիտություններ։
— Ներեցեք, ձեր ազգանու՞նը:
— Բաքրաձե։ Իսկ ձե՞րը։
Ես ասացի։
— Ա՜ա,— գոչեց օրիորդը,— ուրախ եմ ծանոթանալ։ Ես ձեր մասին կարդացել եմ կովկասյան լրագրերում։ Իմ հայուհի ընկերները գրականության մասին խոսելիս հաճախ հիշում են ձեր անունը։ Գիտեք, ես միշտ կովկասցու հանդիպելիս ուրախանում եմ։ Չէ՞ որ մենք հայրենակիցներ ենք։ Ասացեք, ե՞րբ պետք է մեր երկիրը Զվիցերիա դառնա,— հարցրեց նա, հանկարծ դառնալով մտամփոփ:
— Կդառնա, օրիորդ, կդառնա և ավելի առաջ կերթա,— գոչեցի ես մի տեսակ ներշնչված և հուզված։
— Ես էլ հավատում եմ,— արտասանեց օրիորդը նույնպես զգացված։
Նույն պահին, տեսնելով, որ ինքը մի քանիսից ետ է մնացել, ասաց.
— Ներեցե՛ք։
Եվ անմիջապես վազեց առաջ։ Մինչև մենք խոսում էինք, մարսելցին տասը քայլ հեռվում սպասում էր օրիորդին, իր կարճ ծխամորճն ատամներով կրծոտելով և ոտները գետնին զարկելով, որպես անհամբերության նշան։ Նրա ճարպոտ ու կարմիր երեսը փայլում էր արեգակի շողերի տակ։ Երբ օրիորդը, առանց նրա վրա ուշադրություն դարձնելու, անցավ, իսկույն վազեց ետևից, ինչպես որսկան շուն։ Հանկարծ օրիորդը կանգ առավ, ետ վազեց և ասաց.
— Աղաչում եմ, պարոն, պատվիրեցեք ձեր որդիներին, որ այդ ապուշ մարսելցին զբաղեցնեն։ Նա ինձ ձանձրացրեց իր պարծենկոտությամբ:
Եվ րոպե չանցած, նա ամենքին առաջեց այնպես, որ խեղճ մարսելցին այլևս չէր կարող իր գեր մարմինը նրա ետևից քարշ տալ։
Չորության ճամփան քարքարոտ էր և լեցուն սրածայր ապառաժներով։ Պետք է բարձրանայինք մի լեռան կուրծքը և անցնեինք հակառակ կողմ վար իջնելու համար: Նախքան