(d’Arsonval) ավարտեց իր բանախոսությունը, Ա-նը գրեթե ստիպելով ինձ տարավ բեմ և ծանոթացրեց նրա հետ։
— Պարան Ա-նը ձեր հայրենակի՞ցն է,— հարցրեց անվանի ֆիզիկոսը։
— Այո՛ , մենք միևնույն երկրից ենք,— պատասխանեցի ես։
— Խնդրում եմ, մի լավ կշտամբել նրան։
— Ինչու՞ համար, վարպե՛տ։
— Ծուլության, պարոն, ծուլության և անհոգության համար։ Ձեր հայրենակիցը բնությունից օժտված է գիտնականի ընդունակություններով։ Նա նույնիսկ գյուտարարի ձիրք ունի, ինչպես այդ ցույց են տալիս նրա մի քանի հնարները։ Եթե համառությամբ աշխատե, հավատացած եմ, որ մի օր էլ նա Մարկոնիի նման կտա ինձ մի նոր բանախոսության նյութ։ Այո՛, այո՛, բարեկամս,— շարունակեց ֆրանսիացին, դառնալով Ա-նին,— զուր եք շփոթվում ու կարմրում ամոթխած աղջկա պես։ Դուք ինքներդ չգիտեք գնահատել ձեր ձիրքը, որ ինձ համար անվիճելի է։ Դա, եթե կամենաք, մի տեսակ ոճիր է ձեր կողմից գիտությունների վերաբերմամբ։
Արտասանելով այդ խոսքերը, ծերունին ներողություն խնդրեց և սկսեց իր ապարատները ժողովել։
Երբ մենք դուրս եկանք սրահից, ես հանդիմանեցի Ա-նին, որ ինձնից մինչև այդ օրը թաքցրել էր իր փորձերը ֆիզիկայի ասպարեզում։
— Դատարկ բաներ են,— ասաց նա, ժպտալով,— Դարսոնվալը բարեսիրտ մարդ է և բարեկամաբար գերագնահատում է իմ աշակերտական աշխատանքները։
— Այնուամենայնիվ ես պահանջում եմ, որ դուք ինձ ծանոթացնեք այդ աշխատանքների հետ։
Եվ Ա-նը բացատրեց։ Հիշում եմ նրա երկու գյուտը. մեկը մի փոքրիկ մեքենա էր, որ տներում գործածվող գազը ապահովում էր պայթումից, մյուսը մի գործիք էր ռազմանավային թնդանոթների նիշը ստուգելու և անփոփոխ պահելու համար։ Մասնագետ չլինելով, իհարկե, չեմ կարող ասել, թե ինչ արժեք ունեին այդ գյուտերը, բայց երևի ֆրանսիական կառավարությունը մի բան տեսել էր նրանց մեջ, որ Ա-նին