տվել էր հեղինակի արտոնություն (brevet d’ivention) և պաշտոնական բյուլետենում հրատարակել էր նրա անունը։
Հ. Ա-նն ինձ ցույց տվեց Գերմանիայի, Անգլիայի, նույնիսկ Ամերիկայի զանազան գործարաններից գրավոր առաջարկներ՝ իր գյուտերը վաճառելու։ Ոչ մի առաջարկի նա չէր պատասխանել և չէր ուզում պատասխանել:
— Այդ աններելի անհոգություն է,— ասում էի ես,— ապագայում կարող եք զղջալ։ Բախտն ամեն օր չի ժպտում մարդուն։
Նրա հայրն եղել էր վաճառական և, մեռնելով, իր երեք որդիներին թողել էր բավական խոշոր ժառանգություն։ Նա ամեն ամիս Բաքվից կանոնավորապես ստանում էր իր բաժինը ժառանգական եկամուտների և ապրում էր անհոգ, բնավ չմտածելով ապագայի մասին։ Եվ դա նրա դժբախտությունն էր, իր համար անհասկանալի ու անզգալի։
Քսան տարի անցած ես մի ձմեռային օր հանդիպեցի Հ. Ա-նին Խորհրդային Միության քաղաքներից մեկում։ Նա եկել էր այնտեղ երկու օրով և, լսելով իմ մասին, շտապել էր ինձ հետ տեսնվելու։ Նա արդեն ծերացել էր և զարմանալի կերպարանափոխվել։ Նախկին անփույթ ու զվարթ, տաղանդավոր ու ծույլ, սրամիտ ու զվարճախոս, ընտիր ընկեր և պղերգ աշխատավոր մարդուց մնացել էր մի ստվեր։ Մեր հանդիպումն եղավ շատ կարճատև, ընդամենը քառորդ ժամ: Նա ինձ ոչինչ չասաց իր ներկա վիճակի մասին, ես էլ ավելորդ համարեցի հարցնել։ Ինձ համար ամեն ինչ պարզվեց հենց առաջին վայրկյանին, երբ մի ժամանակվա ֆրանտին տեսա մաշված ու գզգզված վերարկուի մեջ։
Ես միայն փորձեցի խոսք բանալ մեր անցյալ բարեկամության մասին և առհասարակ հիշել Փարիզը... Բայց առաջին իսկ բառերից նա կտրեց իմ խոսքը, ասելով.
— Թողնենք, թողնենք, ես ամաչում եմ իմ անցյալից։ Մնաք բարով։
Ասաց և, ձեռս ամուր սեղմելով, շտապեց հեռանալ։ Ու՞ր է նա այժմ, չգիտեմ։ Ես ափսոսում եմ, որ նա ներկա նյութական նեղ վիճակում չէր այն ժամանակ, երբ նրա բնածին