Ես լսել էի այդ տան մութ պատմությունը, բնական է, որ հետաքրքրվեցի նրանով: Պատահեց այնպես, որ երկու կովկասեցի ծանոթ տիկիններ ինձ առաջարկեցին ընկերանալ իրանց։ Նրանք շատ անգամ էին այնտեղ եղել իրենց բախտը փորձելու համար և ամեն անգամ որևէ ծանոթ տղամարդի հետ։
— Գիտե՞ք,— ասացին նրանք,— առանց կավալերի ուղեկցության մեզ համար ամոթալի է խաղատուն մտնելը։
Երկուսն էլ թե՛ ծագումով և թե՛ ամուսնությամբ իշխանուհիներ էին։ Մեկը հազվագյուտ գեղեցկուհի էր, թեև բավական թառամած։ Մյուսը գեր էր և վաղաժամ ճերմակած մազերով, բայց տակավին գրավիչ իր զարմանալի գեղեցիկ աչքերով և դեմքի թարմությամբ։
Երբ մենք մտանք խաղատան առաջին սրահը, ուր տեղի ուներ Petits chevaux կոչված խաղը, երբ ծանոթներիս հայացքն ընկավ կանաչ սեղանի վրա կրուպիեի[1] թիով այս ու այն կողմ փոխադրվող ոսկե լուիդորներին, նրանց աչքերը շողշողացին։ Իրարու երեսի նայելով, միաժամանակ և լուռ բաց արին իրենց քսակները։
Եվ սկցեցին խաղալ, լուիդոր լուիդորի ետևից ձգելով սեղանի վրա։
Ես մի կողմ քաշվեցի, որ չխանգարեմ նրանց. վաղուց գիտեի, որ խաղին չմասնակցողը ներվայնացնում է մասնակցողին, երբ կանգնում է կամ նստում նրա քով, մանավանդ երբ խորհուրդներ է տալիս։ Բայց ես կարիք չունեի մոտիկից դիտելու, արդեն հեռվից նրանց շարժումներից ու դեմքերի արտահայտությունից կարելի էր անսխալ գուշակել բախտի խաղը։ Ոչ մի գրոթյան մեջ և ոչ որևէ պայմանում մարդն այնքան ճշգրիտ ուսումնասիրելի չէ, որքան խաղի մեջ, մանավանդ երբ խաղն ազարտ է։ Այստեղ է, որ նա անգիտակցաբար դրսևորում է իր բնավորության ամենաթաքուն գծերը։ Տեսարանն առանձնապես հետաքրքրական է, երբ խաղացողը կին է։ Ես նկատել եմ, որ խաղի ժամանակ այր մարդն անհամեմատ ավելի հանդուրժելի, ավելի համբերողամիտ և
- ↑ Խաղը ղեկավարող սպասավոր: Շ.։