Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/409

Այս էջը սրբագրված է

Mont de piete[1] տանելու.— գանգատվեց թառամած գեղեցկուհին։

— Եղբայրս գրում է, որ գյուղացիներն էլի ըմբոստացել են և չեն ուզում իրենց կապալավարձը վճարել։

Նրանք ավելի նողկանքի էին արժանի, քան կարեկցության, նրանք վատնում էին գյուղացու դառը քրտինքի վաստակը։ Մի շաբաթ անցած, մի առավոտ ես նրանց հանդիպեցի մեծ բուլվարների վրա։ Շքեղ խանութներից մեկի առջև կանգնած` նրանք մոլոր հայացքով դիտում էին ցուցափեղկի արդուզարդերը։

— Երկրակից,— դարձավ ինձ ճերմակահեր իշխանուհին,— դուք ունիք շատ հարուստ ծանոթներ, մի՞թե չեք կարող համոզել նրանցից մեկին, որ մեզ փոխարինաբար տա գոնե տասը հազար ֆրանկ։ Տոկոսների մասին չենք սակարկիլ, որքան պահանջի, կտանք։

— Եթե այդ գումարն այսօր-վաղը չգտնեք,— ավելացրեց նախկին գեղեցկուհին,— ստիպված կլինենք ոճիր գործել։

Թե ինչ ոճիր—չասաց։

Ես, իհարկե, հրաժարվեցի այդ տեսակ միջնորդությունից, պատճառաբանելով, որ իմ հարուստ ծանոթները բոլորն էլ վերին աստիճանի ժլատ են ու քարասիրտ։ Ես միայն թույլ տվեցի ինձ ասել.

— Տիկիններ, որքան ինձ հայտնի է, երկուքդ էլ ունիք այնչափ եկամուտ, որ կարող եք առանց փոխառության էլ ապրել ուր կամենաք...

— Ուր կամենանք, այո,— պատասխանեց նախկին գեղեցկուհին,— գուցե Ոուսիայում կամ Կովկասում, բայց ոչ Փարիզում։

— Ինչո՞ւ։

— Ահա ինչու,— ասացին միաձայն երկուսն էլ, ցույց տալով շքեղազարդ ցուցափեղկի վրա ճաշակով դասավորված վերջին մոդայի գլխարկները և կանացի այլ ու այլ պճրանքներ...

  1. Դրամատուն, որ շարժական գրավով փոխառություն է տալիս։ Շ.: