Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/41

Այս էջը հաստատված է

Իմ հոգին այս ձեռիս ափի մեջ է, հայելու պես մաքուր։ Ոչ ոքի չեմ խաբում, սատանան տանի, սուտ չեմ ասում։ Կյանքումս չեմ դավաճանել կնոջս, այ Քրիստոսի խաչելությունը վկա, չեմ դավաճանել։ Նա մի վայրկյան կանգ առավ, ոտն ուժգին զարկեց հատակին և շարունակեց.

— Բայց Անաստասիա Ֆեդորովնան, իմ օրինական ամուսինը, շատ չար կին է։ Լսիր, էլ թաքցնել չեմ կարող, ու չունեմ։ Լսիր, թող ամբողջ ատյանը գիտենա, թե ուզում ես․ կարող եմ Ամբարձում Եվանիչին էլ պատմել։ Լսիր, կինս լիրբ է, հասկանո՞ւմ ես, լիրբ։ Նա ինձ դավաճանում է։ Այո, այո, դավաճանում է, այն էլ գիտե՞ս ում հետ, թուրքի հետ, հա, հա, հա, մի ինչ-որ մաշադու հետ, հինայած մորուքով, սափրած գլխով… Եթե աչքովս տեսած չլինեի, չէի ասիլ։ Բայց տեսա, այ, հենց այդպես, ինչպես քեզ եմ տեսնում։ Շան որդին գցել էր նրան իմ անկողնակալի վրա և, հա, հա, հա, բշտբշտում էր, բշտբշտում, կարծես խմոր էր հունցում շան որդին։ Ես դռների արանքով տեսնում էի ետևից, կինս ձյունի պես ճերմակ, իսկ նա սև, քոսոտ։ Մի անգամ չէ, էլի եմ տեսել պատահաբար։

Մեկ-մեկ էլ հյուրանոց էր տանում շան քածին։ Շատ եմ ծեծել, շատ եմ մազերը քաշել, սատանան տանի, բայց չի օգնում։ Հիմա պատմեմ երեկվանը։ Ես կնոջս խաբել էի, թե հերթապահ եմ, պիտի գիշերեմ ատյանում։ Ուզում էի մեկ էլ փորձել, սատանան տանի, որ էլ ոչ մի կասկած չմնա։ Դռները հրելով ներս մտա, երբ նրա սիրեկանը դուրս փախավ։ Իհարկե, ասիացի էր, վայրենի, կարող էր դաշույն բերել: Բայց ես չվախեցա։ Ես առհասարակ վախկոտ մարդ չեմ, ես զինվոր եմ եղել, ֆելթֆեբել, կռվել եմ լեռնականների դեմ։ «Լսիր, ասում եմ կնոջս, ինչո՞ւ ես այդ անում, Անաստասիա, մի՞թե ես քեզ չեմ կերակրում, չեմ հագցնում ինչպես հարկն է»։ Նա ինձ չպատասխանեց։ Նայում եմ, անկողնի վրա մի զույգ նոր կոշիկներ։ Փայլուն կոշիկներ։ «Այդ ի՞նչ է, ասում եմ, դրա համար ես պառկում, քած շուն»։ Ասում եմ ու կոշիկները տալիս գլխին։ Էլի չի