Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/410

Այս էջը սրբագրված է

— Եվ դրա համա՞ր էիք դուք փորձում ձեր բախտը Անգիենի խաղատանը։

— Իհարկե։

— Բայց չէ՞ որ, ինչպես ասում եք ինքներդ, մինչև այժմ մի զույգ ձեռնոցների փող չեք տարել, ինչո՞ւ եք շարունակում խաղալ։

— Բախտը փոփոխական է, այսօր չենք տանում, մի օր կարող ենք տանել։

— Կարող է պատահել,— շարունակեցի ես դիտմամբ, որպեսզի ավելի մերձենամ նրանց մտայնությանը,— միայն ցավալի է, որ խաղացողի այդ սովորական հույսը շատ թանկ է նստում ձեզ ոչ միայն նյութապես, այլև բարոյապես։

— Ի՞նչ եք ուզում ասել դրանով,— գոչեց ճերմակահեր իշխանուհին։

— Այն, որ ձեր ինքնասիրությունը տառապում է։

— Ի՞նչպես։

— Ինձ ասացին, որ դուք երեք օր սրանից առաջ դիմել եք մի բաքվեցի նավթարդյունաբերողի, փոխառություն եք խնդրել, և նա մերժել է ձեզ։ Երկու իշխանուհիները շփոթվեցին ու կարմրեցին։

— Այո, ճիշտ է,— ասացին նրանք, մի փոքր տատանվելուց հետո,— բայց ինչո՞ւ եք կարծում, որ մի նախկին խանութպանի, մի անկիրթ ռամիկի, մի լիրբ բուրժուայի մերժումը մեզ կարող է վիրավորել։ Մենք արհամարհում ենք այդ տեսակ մարդկանց։

— Ցանկալի է գիտնալ, ձեր ամուսիններն էլ նույնը կասեին, եթե այդ անկիրթ ռամիկի, այդ նախկին մրգավաճառի մերժումը նրանք ստանային։

— Նրանք ավելին կանեին,— գոչեց նախկին գեղեցկուհին,— գոնե իմ ամուսինը կթքեր լրբի երեսին։

— Իսկ իմ ամուսինը,— ավելացրեց ճերմակահերը,— կապտակեր նրան, ինչպես մի անգամ ապտակեց մի հայտնի վաճառականի, որ համարձակվել էր նրա մուրհակը նոտարին հանձնելու։

— Թուքն ու ապտակը, հարգելի իշխանուհիներ,— ասացի ես, չկարողանալով զսպել իմ հեգնանքը,— ծայրահեղ