վրդովմունքի ամենագռեհիկ արտահայտությունն է, իսկ արհամարհանքն արտահայտվում է լռությամբ և անտարբերությամբ։ Ինձ շատ լավ հայտնի է, հարգելի տիկիններ, որ ազնրվականությունն ատում է և թշնամաբար է վերաբերվում բուրժուազիային, բայց արհամարհանք ես չեմ տեսնում, որովհետև արհամարհողը երբեք չի դիմում արհամարհվածի օգնությանը, այն ինչ ես գիտեմ հարյուրավոր դեպքեր, երբ ազնվականի ավանդական և դասակարգային գոռոզությունը խոնարհվել է և խոնարհվում է խանութպանի գռեհկության առջև: Մի վրդովվեք, հարգելի իշխանուհիներ, ես ձեզ ամենևին չեմ մեղադրում, որ ներկա նեղ դրության մեջ դիմել եք մի վաշխառուի օգնությանը, դա մի հանցանք չի, միայն թե...
— Մենք օգնություն չենք խնդրել,— զարմացած ընդհատեց խոսքս ճերմակահեր իշխանուհին,— այլ փոխառություն։
— Մենք այդ անպիտանին առաջարկեցինք իբրև գրավական մեր կալվաքծի մի մասը։
— Եվ նա այնուամենայնիվ մերժե՞ց։ Ներեցեք, այդ ինձ մի քիչ զարմացնում է։
— Ինչո՞ւ։
— Որովհետև ազնվականության հողային կալվածքն այժմ կապիտալիզմի ամենահամեղ յուղապատառն է։ Այդպես օրինակ, Բաքվի նավթարդյունաբերողների համար այժմ չկա ավելի հրապուրիչ երազ, քան տիրանալ ազնվականության հողերին և ոմանք նրանցից արդեն տիրացել են։ Ցանկալի է գիտենալ` այդ անպիտանն ինչո՞վ բացատրեց իր մերժումը։
— Նա ասում է, բերեք ձեր ամուսինների կողմից լիազորություն, հանձնեցեք ինձ ձեր կալվածային փաստաթղթերը, այն ժամանակ միայն ձեզ փող կտամ։ Կարո՞ղ եք երևակայել ինչ ավազակ է, համարձակվում է մեր ազնիվ խոսքին չհավատալ։
Եվ պատկառելի տիկինները մի շարք ոչ այնքան փափուկ հիշոցներ ուղղելով բոլոր կապիտալիստների հասցեին, մտան