Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/412

Այս էջը սրբագրված է

մեծ մագազիններից մեկը, համաձայն իրենց ամենօրյա բնավորության:

Փարիզի շքեղ խանութները մի տեսակ գայթակղության տաճարներ են կանանց համար։ Կինը ինչ հասակի ևս լինի, կամքի անսովոր զորություն պիտի ունենա, որպեսզի անտարբեր անցնի մի պճնազարդ վիտրինայի առջևով, մանավանդ, երբ նա Rue de la Paix-ի, համայն աշխարհին տոն ու ճաշակ տվող այդ փոքրիկ փողոցի վրա է։ Ես ինքս, կին լինելով, քանի-քանի անգամ կանգ եմ առել և րոպեներով հիացել կանանց արդուզարդի ու գեղեցկության համար շռայլված մեկը մյուսից հրապուրիչ արվեստներով և քանի անգամ լսել եմ նայող կանանց հառաչանքները, որպես վիշտ, որ չեն կարող գնել իրանց հավանածը։

Ունիվերսալ մագազիններում առավոտից մինչև երեկո պտտող հարյուր հազարավոր բազմության մեջ կան շատ շատերը, որ գնողներ չեն։ Նրանք եկել են իրանց կանացի հետաքրքրությանը հագուրդ տալու համար։ Բաժանմունքից բաժանմունք անցնելով և բոլոր հարկերը բարձրանալով, նրանք վերցնում են գեղեցիկ իրերը, տնտղում են, փորձում են ամրությունը, նայում են գնին և ետ դնում, միշտ հառաչելով, միշտ անիծելով իրանց քսակի անզորությսւնը։ Երբեմն հմայքը մթագնում է մեկի կամ մյուսի ուղեղը, և ահա գայթակղությունը պաշարեց թշվառին։ Կան անուղղելի գողեր, որոնց հանցանքը համարվում է հիվանդություն։ Կլեպտոմանիա է այդ հիվանդության անունը։ Զարմանալի է, որ նրանով վարակված են գլխավորապես կանայք և այն էլ բուրժուա դասակարգից։ Օրենքն ավելի ներողամտաբար է վերաբերվում այդ «հիվանդներին»։ Այրերը գիտեն իենց կանանց այդ թուլությունը, և շատ անգամ նրանք, որոնք հարուստ են, հրապարակորեն չխայտառակվելու համար, զգուշացնում են խանութատերերին.

— Բարեկամ, իմ կինը հիվանդ է, հիշողությունը թույլ է, կարող է հանկարծ մոռացմամբ մի բան վերցնել ու թաքցնել, բարի եղեք չհիշեցվել նրան այդ անմեղ սխալը: Հաշիվն ուղարկեցեք ինձ, ես արժեքը կվճարեմ։