Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/414

Այս էջը սրբագրված է

երաշխավորությամբ նրանց բանտից ազատեց մի բարեսիրտ ֆրանսուհի, իսկ տիկնոջը դատարանում հաջողությամբ պաշտպանեց մի հայ աղջիկ, որ նոր էր ավարտել Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Այն էլ ասեմ, որ այդ տաղանդավոր աղջիկը եղավ երկրորդ կին-փաստաբանը ամբողջ Ֆրանսիայում, մի լեհուհի օրիորդից հետո։ Դժբախտաբար շուտով նա վախճանվեց թոքախտից։ նա Թիֆլիսից էր, մի համեստ ընտանիքի զավակ...

XII

ՓԱՐԻԶԻ ՀԱՅ ԳԱՂՈԻԹԸ: ՀԻՆԸ ԵՎ ՆՈՐԸ: ԱՆԴՐԱՆԻԿԸ:

ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱԲԸ

Այն տարիները (1905 —1910 թթ.), որոնց վերաբերվում է հիշողությունների ներկա մասը, Փարիզի հայ գաղութն այնքան ստվար և այնքան խայտաբղետ չէր, որքան այժմ, իմպերիալիստական պատերազմից հետո։ Այժմյան գաղութը ոչ միայն իր խոշոր քանակով է տարբերվում անցյալի գաղութից, այլն բնութագրով։ Ես իր ժամանակին կաշխատեմ տալ նրա նկարագիրը, իսկ առայժմ մի քանի խոսք անցյալի մասին։

Հայտնի է, որ դարերից ի վեր հայ գաղթականության մանավանդ, հին ու հեռավոր գաղթականության (Հնդկաստան, Եգիպտոս, Եվրոպա) կարապետը վաճառական տարրն է եղել, և օտարները նրա բարոյական նկարագրով են գաղափար կազմել հայ ժողովրդի վարքուբարքերի, հոգեկան կարողությունների ու մտավոր ձգտումների վերաբերմամբ: Այդ մասին ես իմ գրական գործունեության ընթացքում գրել եմ մեկից ավելի անգամ, ուստի այստեղ ավելորդ եմ համարում ասածներս կրկնել։

Փարիզի նախապատերազմյան հայ գաղութը բաղկացած էր երեք տարրերից—վաճառականներից, ուսանողներից և արհեստավորներից, որոնց թվումն են հաշվում և արվեստագետներին։