նմանը մինչև այդ օրը չէի տեսել ոչ մի տեղ։ Պատարագը վերջացել էր, բայց ժամավորները չէին ցրվում: Եկեղեցում մեռել չկար, հետաքրքրվեցի գիտենալ ի՛նչ արտաքո կարգի բան է պատահել։
— Մի՞թե չգիտեք,-պատասխանեց իմ հարցին ամենայն լրջությամբ մի նորաձև հագնված երիտասարդ զարմացած,— այսօր տոնվում է Մ... խան... Ն...-ի ծննդյան յոթանասնամյակը,
— Ո՞վ է այդ Ն...ն
— Մի հայտնի գոհարավաճառ, պարսկահպատակ, ահա տեսնո՞ւմ եք, այն բարձրահասակ ծերունին է։
Եվ նա ցույց տվեց ինձ օրվա հերոսին, որը կանգնած էր իր կնոջ հետ բարեկամներով շրջապատված, կեղծ համեստության ժպիտը երեսին։ Մարդը հոբելյար էր։
— Բայց ի՞նչ կապ ունի այդ մարդու ծննդյան տարեդարձը եկեղեցու հետ։
— Ի՞նչպես չէ, հարուստ է։
— Հետո՞։
— Պահանջել է, որ եպիսկոպոսը հանդիսավոր մաղթանք կատարե իր կյանքի հարատևության համար։
«Նա հարուստ է», ահա մի մոգական բառ, որ առանձին շեշտով ու զգացմամբ է արտասանում գաղթական հայը։
Մաղթանքը կատարվեց, եպիսկոպոսը դրվատեց գոհարավաճառի քրիստոնեական ջերմեռանդությունը, «մարդկային ու ազգային» առաքինությունները։ Հանդիսականներն, իրարու հրելով ու բոթելով, շտապեցին շնորհավորել օրվա հերոսին և հետո գնացին նրա ճաշկերույթը վայելելու։
Պատահում է, որ այս կամ այն գոհարավաճառը կամ հնավաճառը հանկարծ ժամանակակից «ջենտլմենություն» է անում, մեկ էլ տեսար խելքին փլեց, վերցրեց իր կամ կնոջ անունից կանանց աղքատախնամ կամ կրթական ընկերությանը ուղարկեց մի գումար որպես նվեր։ Ընկերության վարչությունը շտապում է այդ մասին շնորհակալությամբ ազդարարել ռամկավար, դաշնակցական կամ հնչակյան որևէ լրագրում, և խմբագրությունն Էլ չի վարանում իր գովասանական խոսքը պարգևել նվիրատվին։ Իհարկե, «ազգային»