Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/419

Այս էջը հաստատված է

միջավայրում, այն էլ Փարիզում։ Չէ՞ որ իր հոր կամ պապի փափախի կամ ֆեսի փոխարեն գլխին ցիլինդր է դրել, չէ որ որոշ չափով պիտի ենթարկվե միջավայրի բարքուվարքերին։ Ի՞նչ կմտածի ֆրանսուհի խոհարարուհին կամ նաժիշտը, եթե նա բռունցքը բարձրացնե իր կնոջ ու զավակների գլխին, կամ գոռա նրանց վրա արևելյան կոպտությամբ և հայհոյե զազրելի որակումներով, չէ՞ որ կարող է դառնալ և՛ ծաղրելի, և՛ զազրելի։ Բայց և այնպես նա անզոր է տակավին իր մեջ վերջնապես մեռցնելու պապերից ժառանգած վայրենի բնազդը, և ահա նա իր մագիլները փաթաթում է թավշով։ Նա չի ծեծում, բայց նախատում է, չի հայհոյում, բայց անիծում է, պահելով նրան հավիտենական ահ ու սարսափի մեջ։

Սխալ է ասել, թե իր ընտանիքի վերաբերմամբ նա ժլատ է, ընդհակառակը, նրա առատաձեռնությունը երբեմն զարմացնում է միամիտներին, որոնք չգիտեն իրերի խորքը թափանցել։ Նա թույլ է տալիս իր կնոջը զուգվել և զարդարվել վերջին մոդայով, սեփական օթոմոբիլ ունենալ, թատրոններ ու օպերաներ հաճախել, ձիարշավներ գնալ, կուրորտներ այցելել և այլն։ Այդպես է պահանջում միլիոնատիրոջ վարքն ու համբավը, այդպես է պահանջում մարդկանց ստորագույն բնազդը —նախանձը։ Առհասարակ նախանձ շարժելը նրա բարձրագույն հաճույքն է։ Նա հրճվում է, տեսնելով թույլերի և անաջողների անզոր չկամությունը։

Ես մի քանի անգամ ներկա եմ եղել, այսպես կոչված, հայկական տարեկան պարահանդեսներին։ Ամենից շքեղ համարվում է «Հայուհյաց ընկերության» երեկույթը։ Արդարև, շքեղ՝ բայց ոչ իր ներքին բովանդակությամբ կամ երեկույթ կազմակերպողների արտիստական հնարագիտությամբ և ճաշակով, այլ իր արտաքին շռայլությամբ, ուզում եմ ասել խանութպանային շուքով։ Ոչ մի տեղ այնքան մեծարժեք ադամանդներ և զանազան գունավոր գոհարներ չեք տեսնիլ, որքան այդ երեկույթներում։ Պատճառը պարզ է — ներկա են խոշոր ու մանր գոհարավաճառների կանայք ու աղջիկները, որոնցից յուրաքանչյուրը մի-մի գոհարեղենի խանութային ցուցափեղկ է։ Նման ցուցափեղկեր ես Բաքվի մի ժամանակվա երեկույթներում էլ եմ տեսել, միայն մի տարբերությամբ․