Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/42

Այս էջը հաստատված է

խոսում։ Մահմեդականի հետ, աա՜, լսու՞մ ես, իմ օրինական կինն ուղղափառ եկեղեցու օրենքով։ Նա լռեց, ձեռով դարձյալ մի ուժեղ շարժում արավ օդի մեջ և շարունակեց.

— Մտածեցի՝ ինչպես պատժեմ անպատկառին։ Գտա, միջոցը։ Գիտես ինչ, օօ՜, ես հնարագետ եմ։ Լսիր․ ես բռնեցի լրբին ու մազերից քաշելով տարա խոհանոց։ Նա գոռում էր, բայց զուր, դռները փակել էի, հարևանները չէին, կարող լսել։ Ես գցեցի նրան հատակի վրա, բերանը փակեցի իր գլխի թաշկինակով, ձեռները կապոտեցի վարտիքիս կաշվե գոտիով։ Հետո, գիտե՞ս ինչ արի, հա—հա—հա, սատանան տանի, ծիծաղելի է, վերցրի այս սիրուն կատվին, իմ Մուսիային, գցեցի նրա շրջազգեստի տակ, հետո շրջազգեստը ամուր կապեցի ետևից, հա—հա—հա, երևելի միջոց էր: Եվ, մի պինդ աքացի տալով լրբին, դուրս եկա խոհանոցից, դռները կողպեցի, բանալին գցեցի գրպանս։ Թող, ասացի, իմ ողորմելի Մուսիան էլ համը տեսնի, հա—հա—հա, բայց սատանան տանի, արմյաշկա, դու կարծես ինձ խելագար ես համարում։ Ամենևին, խելքս գլխիս է...

Դրյագինը դարձյալ լռեց մի քանի վայրկյան, երկու անգամ անցավ ետ ու առաջ և շարունակեց․

— Այսօր առավոտ, հազիվ լույսը բացված, մտա խոհանոց, տեսնեմ ինչ է պատահել։ Անառակը լաց էր լինում։ Ես ուրախացա, մի լավ ծիծաղեցի երեսին։ Նա առհասարակ լալկան չէր, առաջին անգամ տեսա նրա աչքերում արտասունք։ «Հըը, ո՞րն էր լավ, հարցրի ես, կատու՞ն, թե՞ մաշագին»։ Բաց արի շրջազգեստը, ծնկներից արյուն էր գալիս, վերքերով ծածկված էր, բայց խեղճ Մուսիան սատկել էր։ Անխիղճ լիրբը, նրան իր տակը ճզմելով, սպանել էր... Այ, դու մի օր կլսես իմ մասին, ես այնպես պատժեմ նրան, այնպես որ...»։

Եվ, սպանված կատվին նորից համբուրելով, տարօրինակ մարդը նորից դրեց վերարկվի տակ, նստեց աթոռի վրա և սկսեց հեկեկալ։

Ես կանչեցի ատյանի ծառաներին և պատվիրեցի, որ