Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/420

Այս էջը սրբագրված է

այնտեղ կանայք գոհարները դուրս էին բերում իրենց գզրոցներից, իսկ այստեղ իրենց ամուսինների կամ հայրերի խանութներից։ Սակայն թե այնտեղ և թե այստեղ մարդ չգիտեր, որն է ավելի ծիծաղելի, ճաշակի կատարյալ գռեհկությո՞ւնը, թե՞ մեշչանական ցուցամոլությունը։

Մի փոքր ա՛յլ պատկեր է ներկայացնում նոր սերունդը։ Նա արդեն բավականաչափ յուրացրել է ֆրանսիական բարքուվարքերի արտաքինը։ Ասում եմ արտաքինը, վասնզի անհնարին է միանգամից ազատվել ատավիզմի օրենքներից։ ճշմարիտ է, նա ամեն կերպ աշխատում է ցույց տալ իր, այսպես ասած, եվրոպականությունը, ուզում եմ ասել կուլտուրականությունը, ստեպ֊ստեպ կրկնում էր առաջնակարգ թատրոնների անունները, այցելում է գեղարվեստական սալոնները, հոլովում է նշանավոր նկարիչների ու արձանագործների անունները, խոսում է նույնիսկ երաժշտությունից ու գրականությունից, բայց այդ բոլորի տակ դիտող աչքից չի վրիպում հոգեկան խեղճությունը կամ ամայությունը։ Նոր սերունդը նույն չափ ցուցամոլ է, որչափ հինը, գուցե մի քիչ էլ ավելի։ Եթե հինը կարող էր պարծենալ իր ադամանդներով, իր առերես համեստությամբ, կասկածելի բարեգործությամբ, նորը հպարտ է իր օթոմոբիլով, իր վիլլայով, հայտնի կուրորտների այցելությամբ, երբեմն որսորդությամբ և մանավանդ իր օտարազգի կապերով կամ ծանոթություններով, վերջին դեպքում նա հրճվանքով հիշում է զանազան մարքիզների, դուքսերի, հռչակավոր դերասանուհիների, երգիչ ու երգչուհիների, պարուհիների, մոդային գրիզետկաների անունները։ Ես ծանոթ էի մի մարգարտավաճառի հետ, որ այդ տեսակետից ամենատիպիկն էր, թեև մի քիչ կարիկատուրային։ Նա իր հյուրերի ներկայությամբ ժամանակ առ ժամանակ վերցնում էր հեռախոսի փողը, որևէ համար է ասում և արտասանում. «ալո, ալո, այդ դո՞ւք եք, իմ թանկագին բարեկամ, լսեցեք» և այլն։ Եվ, փողը բերնից մի վայրկյան հեռացնելով, դառնում էր իր հյուրերին. «Արտաքին գործոց մինիստրի օգնականն է» կամ «Հոլանդիայի դեսպանն է» և այլն և այլն։ Այդ մարգարտավաճառի մասին ինձնից ավելի մոտիկ ճանաչողներն