Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/433

Այս էջը սրբագրված է

այլև ֆիզիկականի մեջ։ Նա մեծ դժվարությամբ էր պատասխանում իմ սովորական հարցերին, ավելի հաճախ ամենևին չէր պատասխանում, և ես վախենում էի ձանձրացնել նրան։ Ինքը ոչ մի հարց չէր տալիս ինձ ոչ իր մոր, ոչ եղբոր և ոչ քրոջ մասին։ Կարծես, նրանք այլևս գոյություն չունեին նրա համար, այնչափ արդեն հեռացել էր իրական աշխարհից։

Մի օր նա ինձ ասաց.

— Պապա՛, դուրս բեր ինձ այստեղից, տար մի ուրիշ պանսիոն։

— Ինչո՞ւ,— հարցրի ես ուրախ ու կես զարմանալով նրա անսպասելի պահանջից։

— Այս պանսիոնը թանկ է։

— Ինչ գիտես, որ թանկ է,— շարունակեցի ես դիտմամբ, որպեսզի ավելի խոսեցնեմ նրան։

— Դու օրական երեսուն ֆրանկ ես տալիս, դա շատ է, շատ֊շատ քեզ համար...

— Այդ մասին դու մի հոգար, սիրելիս, դա իմ գործն է։ Նա լռեց ու իր պաղ հայացքը դարձրեց դեպի անորոշ տարածություն, դեպի ով գիտե ինչ մթություն։ Ա՜հ, որքան կկամենայի թափանցել մտքով այն անհասկանալի աշխարհը, ուր դեգերում էր նրա տառապող հոգին։

Մի ուրիշ անգամ նա, հառաչելով, ասաց.

— Ի՜նչ տխուր է այստեղ...

Մենք նստած էինք սանատորիայի առջև տարածված փոքրիկ ու գեղեցիկ պարտեզի մի ծայրում, մի փայտյա կանաչ նստարանի վրա։ Այդտեղից երևում էր կանտոնի զմայլելի տեսարաններից մեկը։ Սանատորիան տեղավորված էր մեծ լճի ափին, որ մի կողմից ոչ այնքան բարձր լեռ էր, մյուս կողմից շատ բարձր ժայռ դեպի լիճը։ Զվիցերիացիք ասում էին, որ այդ լեռան վրա է Վիլհելմ Տելլը իր ընկերների հետ երդվել ապստամբության դրոշ բարձրացնել ավստրիական բռնակալության դեմ։

Ժայռն ուղղահայաց էր։ Նրա ստորոտը ողողվում էր լճի ալիքներով։ Նայեցի վար, և մի չար միտք հանկարծ հարվածեց ինձ։ Ինչո՞ւ այդտեղ են տեղավորել այդ կեսհիվանդանոցը, ինչո՞ւ պարտեզը շրջապատված չէ որևէ ցանկապատով։