անգամից և խորտակել նրա պատրանքը։ Երկրորդ պատճառը Ռուբենի և Մարգարիտի ուսումն էր։ Մնում էր երկու տարի ևս, որ նրանք ավարտեին, մեկը Լիեժի համալսարանը, մյուսը Ֆենելոնի լիցեյը։
Եվ այդպես, որոշեցինք այդ երկու տարիներն էլ անցկացնել Փարիզում։ Տարտամ գրական փորձերի և հոգնած մտայնության տարիներ։ Ժամանակիս մեծ մասը վատնում էի դրսերում, ինքս ինձ հուսադրելով, թե կյանք եմ ուսումնասիրում և դա ինձ մի օր պետք կգա։
XIV
ՀԱՃԵԼԻ ԵՎ ԱՆԱԽՈՐԺ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Մեծ մասամբ կարդում ու գրում էի սրճարաններում, երբ գրելու պահանջ էի զգում։ Գրեթե այնտեղ գրեցի երկու պիես «Կործանվածը» և «Ավերակների վրա» ու մի քանի պատմվածքներ։
Գարնան և ամառվա ամիսներին օր չէր անցնում, որ չհանդիպեի մի նորեկ կովկասցու։ Soufflet սրճարանում ես դարձել էի մի տեսակ կենտրոնական դեմք և տեղեկատու։ Ծանոթ թե անծանոթ ամեն ոք այնտեղ էր գալիս ինձ տեսնելու։ Մի օր հանդիպեցի «Մշակ»-ի այն ժամանակվա խմբագիր Ալեքսանդր Քալանթարին։ Նա Փարիզ էր եկել որպես գյուղատնտես՝ ինչ֊որ համագումարում մասնակցելու։ Չնայելով մեր երբեմնի փոխադարձ սառը հարաբերություններին, ես այդ մարդուն հարգում էի։ Տեղն է ասել, որ ես նրան ճանաչում էի շատ վաղուց, դեռ յոթանասնական թվականների վերջերից և ոչ միայն իրան, այլև իր յոթ եղբայրներին և ծնողներին, որոնց ամբողջ Բաքուն անվանում էր «հայրիկ» և «մայրիկս»։ Հարգում էի Ալեքսանդրի կիրթ, վերին աստիճանի մեղմ և համբերատար բնավորությունը։ Որպես հրապարակախոս նա, իհարկե, Գրիգոր Արծրունի չէր, ուզում եմ ասել չուներ նրա գրչի թափն ու ավյունը։ Բայց դրա փոխարեն նա օժտված էր ոչ պակաս արժեքավոր