Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/439

Այս էջը սրբագրված է

մուսաֆաթը,— ավելցրեց նա դառը հեգնանքով.— և երկու ազգությունների դժոխային հարաբերությունները սպառնում են ավելի բարդանալ։ Խորհուրդ եմ տալիս այժմ Կովկաս չվերադառնալ, որպես գեղարվեստական անբռնազբոսիկ գրող դուք ունեք իրավունք այստեղ մնալու հանուն ստեղծագործող մտքի ազատության...


Մի օր էլ հանդիպեցի մի ժամանակվա «Тифлисский Вестник» անունով լրագրի խմբագիր Կոնստանտին Բեհբությանին։ Ութսունական թվականների սկզբին այդ լրագրում տպվել էին իմ մի քանի անստորագիր թղթակցությունները Բաքվից։ Իշխանական ծագում ուներ մարդը և չէր տատանվում պարծենալ իր ազնվական տիտղոսով, չնայելով իր մտքի բավականաչափ սրությանը։ Իր ժամանակին նա, ոչ առանց ձիրքի, թե՛ բերանացի և թե՛ գրչով կռվել էր ցարերի կովկասյան աժանների դեմ։ Վերջին նրա պայքարն եղավ հայտնի խուլիգան, պրովոկատոր հայակեր բանաստեղծ Վելիչկոյի դեմ, որ «Кавказ» պաշտոնական լրագրի խմբագիրն էր... Այնուհետև նա լռեց, և այժմ ծառայում էր Ալեքսանդր Մանթաշյանի մոտ չգիտեմ ինչ պաշտոնով։ Մի անգամ ես նրա հետ ընդհարվել էի Թումանովների «Новое обозрение» լրագրի խմբագրատանը։ Այնուամենայնիվ ես հարգանքով ընդունեցի նրա բարևը։ Օտարության մեջ հայրենակիցները դյուրությամբ են մոռանում իրանց անցյալ փոխադարձ գժտությունները, մանավանդ, եթե հակառակորդները գիտեն կյանքին նայել մի քիչ փիլիսոփայական աչքերով։

Մի ուրիշ իշխան Ալ... Ար... էրկ... անունով, որին նույնպես հանդիպեցի Soufflet սրճարանում, քմահաճույքի և ինքնաերկրպագման մարմնացումն էր։ Նա այնպես էր պահում իրան, որ կարծես, Մարսից էր վայր ընկել։ Նա ոչինչ և ոչինչ չէր հավանել Ֆրանսիայում և զարմանալի ապլոմբով քննադատում և պարսավում էր, անպայման պարսավորում ամեն ինչ, որ տեսել էր և տեսնում էր։ Պետք է ասել, որ այդ տիպի մարդիկ ինձ ծանոթ էին վաղուց։ Ռուսիայից, մանավանդ Կովկասից եկողների մի որոշ մասն այդպես էր, և ես նրանց չէի սիրում, որովհետև կեղծում էին միամիտներին ցույց տալու համար, թե ավելի գիտեն և ավելի նուրբ ճաշակ