Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/44

Այս էջը հաստատված է

Այնուհետև ես վճռեցի երբեք ոտքի չելնել այդ ամբարտավանի համար։ Սկզբում նա կարծես ուշադրություն չէր դարձնում իմ ըմբոստության վրա։ Բայց մի առավոտ նա դարձավ ինձ և արտասանեց հետևյալ ատենաբանությունը.

— Հայ ազգը աշխարհիս երեսին ամենամեծամիտ, ամենաամբարտավան ազգն է։ Դա է պատճառը, որ նա այսօր թագավորություն չունի։ Տեսնու՞մ եք ինձ, ես էլ ձեզ նման գրագիր եմ եղել, այսօր, գոհություն աստծո, ունեմ հինգերորդ աստիճանի չին, երկու շքանշան, երրորդին սպասում եմ առաջիկա հունվարին։ Ինչու՞, որովհետև ես հայի պես չեմ պահել ինձ, պարտքս ճանաչել եմ ու կատարել։ Ով ուզում է բարձրանալ, պետք է խոնարհվի իր մեծավորների առաջ։

Բայց ես իմ հոր ժառանգն էի. ինքնասեր, հպարտ և ինքնակամ։ Ես «չխոնարհվեցի» և այս պատճառով չդարձա հինգերորդ աստիճանի չինովնիկ։ Տարին չլրացած, բախտն ինձ հաջողեց մի ուրիշ պաշտոն գտնել և մի առավոտ հաճույք ունեցա իմ մեծամիտ մեծավորին ասելու․

— Մնացեք բարով, պարոն Կոլլեժսկի Սովետնիկ։

Ես կանգնած էի, նա նստած։ Առանց գլուխը բարձրացնելու հարցրեց.

— Ի՞նչ է պատահել։

— Ես թողնում եմ ծառայությունս։

Աղասի—բեգը գրիչը դրեց սեղանի վրա, նայեց ինձ վարից վեր հեգնական հայացքով և ծիծաղեց։ Երևի չէր հավատում, որ մի որևէ մահկանացու կարող էր ինքն իրեն կամավոր ղրկել նրա անբարեհամբույր կերպարանքն ամեն օր տեսնելու հաճույքից։

— Մնաք բարով,— կրկնեցի ես և կամեցա հեռանալ։

— Կացեք,— ասաց Աղասի—բեգը և, մի սևագիր շպրտելով իմ կողմը՝ ավելացրեց.— իսկույն ևեթ արտագրեցեք այդ թուղթը։

Նրա արհամարհանքը գրգռեց իմ սրտում կուտակված մաղձը։ Վերցնելով հատակից սևագիրը՝ իսկույն արհամարհանքով շպրտեցի իր կողմը և ասացի.