Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/441

Այս էջը սրբագրված է

— Պատճառն իմ անցյալումն է։ Լսեցեք, երբ ես նայում եմ ետ, դեպի իմ անցած ուղին, ինքս ինձնից զզվում եմ։

— Այդ դիրքը, այդ աստիճանները և այդքան շքանշաններ ստանալուց հետո՜։

— Մի ծաղրեք ինձ ձեր մտքում, գիտեմ, որ այդ բոլորը ձեզ համար դատարկ բաներ են, որովհետև դուք գրող եք, իսկ ձեզ նմաններն ինձ նմաններին չեն սիրում և ունեն իրավունք չսիրելու։ Բայց լսեցեք․ քառասուն տարի միտք ու հոգի եմ մաշել և ծառայել արբշիռ ցարերի կառավարությանը և զանազան սպեկուլյանտների գրպանին։ Ինչու՞։ Որովհետև ես հիմար էի, այո՛, այո՛, հիմար․ մի հակառակեք։ Իմ ամբողջ կյանքում ես ունեցել եմ միայն մի քիչ թե շատ լուսավոր վայրկյան։ Այդ այն տարիներն էին, երբ, դուք պիտի հիշեք, ես Բաքվում հրատարակում ու խմբագրում էի մի փոքրիկ լրագիր...

— «Бакинские известия», թե՞...

— Դրա նման մի բան։ Ես այսօր զղջում եմ, որ այնտեղ չմնացի, գոնե կարող էի ասել, որ ես իմ ուժերի չափ ծառայում եմ հասարակական շահերին, որ ես այսպես թե այնպես, մի միավոր էի և ոչ այսօրվա զրոն։ Լսեցե՛ք, ես անկեղծ եմ ասում․ ես նախանձում եմ ձեզ, որ ծառայել եք և ծառայում եք մեր ազգի կուլտուրական կրթության։ Այո՛, այո՛, դուք ունիք իրավունք պարծենալու, որ զուր չեք վատնել ձեր կյանքը, իսկ ես ոչ...

Նա լռեց և այլևս ոչինչ չասաց։

Այդ օրից նա ամեն երեկո ինձ հանդիպելիս նույնն էր կրկնում՝ «Պիտի վերջ տամ իմ կյանքին»։ Ես կարծում էի, որ նա խելագարվում է։ Բարեբախտաբար, այդ չպատահեց։ Չպատահեց և ինքնասպանությունը։ Շուտով նա թողեց իր կոկլիկ բնակարանը, տեղափոխվեց Կովկաս։ Չեմ հիշում որքան ժամանակ անցած՝ կովկասյան լրագրներում կարդացի նրա մահվան ազդարարությունը և մի փոքրիկ լուր, թե հանգուցյալը իր թանկագին գրադարանը կտակել է հայոց բարեգործական ընկերությանը...