Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/444

Այս էջը սրբագրված է

միևնույն է Ֆրանսիայում, թե՛ Զվիցերիայում, Գերմանիայում, թե՛ Իտալիայում։

Ես ճանաչում էի Տիգրան Նազարյանին դեռ այն ժամանակից, երբ նա Թիֆլիսի չեմ մտաբերում որ բանկում վարում էր հաշվապահի պաշտոն, այսինքն ութսունական թվականներից։ Այսպես կոչված հայ գրական-հասարակական ասպարեզում ես չեմ ճանաչել մի ուրիշը, որ ունենար այդ մարդու չափ քանքար կյանքի սանձը բռնելու ու հեծնելու։ ճշմարիտ է, շատ փոքր էր նրա Պեգասը և ոչ թևավոր, բայց բավական էր նրա միջակությունն` ամենուրեք սլացնելու և ամենուրեք քայլեցնելու իր տկար լուսավորությամբ։

Այն ժամանակվա հայ իրականության տեսակետից հետաքրքրությունից զուրկ չէ Տիգրան Նազարյանի խմրագիր-հրատարակիչ դառնալու պատմությունը։ Երբ նա ծառայում էր բանկում, երևակայել չէր կարող, թե ինչ պատվի պիտի արժանանա։ Մի օր նրա մոտ է գալիս ուսուցիչ Գաբրիել Միրզոյանը, որի մասին գրել եմ իմ ներկա հիշողությունների առաջին մասում, և ասում է.

— Տիգրան Նազարյան, կկամենա՞ք լինել խմբագիր-հրատարակիչ մի մանկական ամսագրի։ Տիգրանը, որ այդ ժամանակ զբաղված էր համարակալով, նայում է Միրզոյանի դեմքին զարմացած։

— Այո՛, խմբագիր-հրատարակիչ,— կրկնում է ուսուցիչը իր հաստ ընչանցքի ու երկայն մորուքի միջից արձակելով մի հեգնական ժպիտ։— Թույլ տվեք բացատրել. ես ու հայտնի մանկավարժ ու մանկական գրող Ղազարոս Աղայանը որոշել ենք մի ամսագիր հրատարակել մանուկների համար։ Մենք գիտենք, որ կառավարությունը մեզ հրատարակման իրավունք չի տալ, որովհետև քաղաքական տեսակետից կասկածելի ենք նրա աչքում, ուստի վճռեցինք դիմել ձեզ, համոզված լինելով, որ այդ իրավունքը ձեզ կտրվի։ Դուք կլինեք պաշտոնական խմբագիր-հրատարակիչ, իսկ կգրենք ու կխմբագրենք մենք։ Համաձա՞յն եք։

Տիգրան Նազարյանը երկար չի մտածում և, համարակալն արհամարհանքով մի կողմ դնելով, պատասխանում է.

— Համաձայն եմ։