կամ սրամիտ, այլ առանց քերականական սխալների։ Այդ մասին նա չի հոդում և չհոգաց մինչև իր կյանքի վերջջ։
— Այս անգամ ի՞նչ միսսիայով եք Եվրոպա եկել,— հարցրի ես Տիգրան Նազարյանին, վասնզի նա տարենը երկու-երեք անգամ վազում էր Եվրոպա միշտ մի որևէ առաքելությամբ։
Նա գրպանից դուրս բերեց շքեղ թղթի վրա տպված մի հրավիրագիր և ցույց տվեց ինձ հպարտությամբ։ Դա ինձ համար նորություն չէր, նման հրավիրագիրներ Տիգրան Նազարյանն իր ծոցում ուներ տասնյակներով, որովհետև եվրոպական ոչ մի երկրում չէր մոռացել մտնել պարբերական մամուլի բյուրոները և թողնել այնտեղ «Աղբյուր֊Տարազի» խմբագրության հասցեն։ Նա ասում էր.
— Ես միակն եմ հայ խմբագիրների մեջ, որ պատիվ ունիմ հրավիրվելու համաշխարհային կոնգրեսներին։
Եվ ճիշտ էր ասում։ Մի բան նա համառորեն թաքցնում էր, նույնիսկ իր մերձավոր բարեկամներից, այն, թե ինչ նյութական միջոցներով է տարենը տասներկու ամիս Եվրոպայում ճամփորդում այն ժամանակ, երբ «Աղբյուր֊Տարազ»-ի խմբագրությունը հավիտենական նյութական կարիքի մեջ Էր և իր օձիքը չէր կարողանում ազատել գրաշարներից։ Մի անգամ ես փորձեցի նրան այդ հարցը տալ։ Նա ինձ պատասխանեց.
— Տեսնո՞ւմ եք այս փողկապը, Մարսելումն եմ գնել վաթսուն սանտիմով։
Թշնամիներն ասում էին, թե նա զբաղվում է գազանի սպեկուլյացիայով, թե նա այս է անում, այն է անում։ Ես նկատել եմ Տիգրան Նազարյանի մեջ վաճառականի ձիրք ու ձգտում, բայց չունիմ ոչ մի փաստ նրա վաճառականության կամ սպեկուլյացիայի։ Հայ մամուլի ասպարեզում մի փոքրիկ միավոր էր Տիգրան Նազարյանը, նա չուներ ձիրք ոչ հրապարակախոսի, ոչ ֆելիետոնիստի, ոչ քրոնիկնորի, բայց եռանդուն էր, անսահման եռանդուն, բարեսիրտ և միշտ պատրաստ հասարակական գործերում այս կամ այն կերպ օգտակար լինելու, մանավանդ աղետների ժամանակ։ Հիշում եմ, ինչպես նա