ՆԿԱՐՉՈՒՀԻՆ: ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ: ՎԵՐԱԴԱՐՁ
Ես նրան հանդիպեցի Զվիցերիայում։ Նա եկել էր իր հոր հետ Լիսն քաղաքից և տեղավորվել նույն պանսիոնում, ուր մենք սովորաբար իջևանում էինք։
Շուտով իմացա, որ ծերունին ջութակագործ է և Լիոնում ունի մի մեծ արհեստանոց. մի քանի տասնյակ վարպետներով, իսկ աղջիկը նկարչուհի։ Այդ վերջինը ես իմացա հենց առաջին նախաճաշի ժամանակ, երբ նա, ուտելը թողած, իր ալբոմում շտապ-շտապ նկարեց Մարգարտի գլուխը։ Դա բավական բարձրահասակ, նրբակազմ, սիրուն մի աղջիկ էր: Առանձնապես գրավիչ էին նրա մեղմ ձևերը, մելոդիկ ձայնը և մանավանդ փղոսկրեգույն կանոնավոր ատամները, որ նրա ժպիտներին տալիս էին մի բացառիկ հրապույր։
Կարո՞ղ էի մի այդպիսի էակով չհետաքրքրվել, որքան ևս ուղեղս ու սիրտս գրավված լինեին անբուժելի հայրական վշտով։ Ե՞ս, որ առհասարակ այնքան դյուրազգաց և, չեմ ամաչում ասել, թուլամորթ էի կանանց վերաբերմամբ։ Ե՞ս, որի որոնող տեսողությունը գրեթե վիրավորված էր ամեն օր հանդիպելով զվիցերուհիներին, զմայլելի երկրի այդ ոչ զմայլելի կանանց։ Արդարև, ինչո՞ւ այդքան տգեղ են զվիցերուհիները։
Մի օր ճաշի միջոցին նա ինձ հարցրեց.
— Դուք նկարի՞չ եք։
— Ո՛չ, օրիորդ։
— Գուցե երաժիշտ եք։
— Ներեցեք, օրիորդ, ես միայն երաժշտության երկրպագու եմ։
— Բայց անկարելի է, որ դուք չունենաք առնչություն այս կամ այն արվեստի հետ։