Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/448

Այս էջը սրբագրված է

— Դուք չեք սխալվում,— միջամտեց կինս իր սեռին հատուկ անհամբերությամբ—ամուսինս բելետրիստ է։

— Ա՜ա, տեսանք ինչպես գուշակեցի,— զոչեց օրիորդը, ուրախանալով, որ մասամբ չէր սխալվել։— Ի՞նչ լեզվով եք գրում։

— Հայերեն լեզվով։

— Դժբախտաբար ես այդ լեզուն չգիտեմ։ Բայց ես հայերի մասին շատ եմ լսել և կարդացել։

— Ցանկալի է գիտենալ—ի՞նչ եք լսել կամ կարդացել,— հետաքրքրվեց կինս։

— Օ՜օ, տիկին, շատ տխուր բաներ։ Դուք շատ դժբախտ ազգ եք, ձեզ շարունակ հալածում են ու կոտորում Թուրքիայում։

— Ինչպես հրեաներին Ռուսիայում,— ավելացրեց օրիորդի հայրը։

Ես լռեցի։ Ինձ համար առհասարակ այդ ուղղությամբ Օտարների հետ խոսելը վերին աստիճանի անախորժ, նույնիսկ վիրավորական էր։ Թվում էր ինձ, որ ես նրանց աչքում նսեմանում եմ, ոչնչանում։ Իմ ազգի խեղճությունն ես իմն էի համարում և կարեկցության դեմ ավելի էի վրդովվում, քան ատելության և վիրավորանքի դեմ։ 

Երևի նրբազգաց ֆրանսուհին գուշակեց իմ դժկամությունը։ Նա շտապեց խոսակցության նյութը փոխել.

— Արդյոք ձեր երկերը ֆրանսերեն թարգմանվա՞ծ են,— հարցրեց նա։

— Մի քանիսը, այո։

— Ես կկամենայի կարդալ։ Ես առհասարակ սիրում եմ կարդալ արևելյան ազդերի գրականությունը։ Բարի եղեք ինձ տալու ձեր երկերի հրատարակչի հասցեն։

— Կարիք չկա, օրիորդ, ես ինքս կտամ ձեզ իմ գործերից մի երկուսը։

— Ավելի լավ, տվե՛ք...

Բախտի բերմամբ հետս վերցրել էի «Չար ոգի»-ն Արշակ Չոպանյանի և «Արտիստ»-ը ու «Ֆաթման և Ասադ»-ը Սերժ դ’էրմխնիի թարգմանությամբ։ Նույն երեկո իսկ այդ գործերը տվեցի օրիորդին։