— Օրիորդ,— ասացի ես ամենայն հանգստությամբ,— երեկ ես նկատեցի, որ դուք դժվարանում եք աշխատել։ Անկասկած, սյուժեն ձեզ չի տրամադրում, եկեք թողնենք այդ գործը և...
— Ուրեմն դուք չե՞ք հավանում իմ գործը,— ընդհատեց խոսքս նկարչուհին վշտացած,— բայց դուք դեռ չեք տեսել ձեր պատկերը, իսկ ես դեռ շատ պիտի աշխատեմ նրա վրա։ Հուսով եմ, որ իմ գործը չի ձախողիլ։
— Ներեցե՛ք, օրիո՛րդ, ես այդ չէի ուզում ասել։ Խոսքս ձեր հոր մասին է։ Նա ձեզ խանգարում է աշխատել, ես զգում եմ ձեր նեղսրտումը...
— Հասկանում եմ, պարոն,— արտասանեց օրիորդը հեգնական ժպիտով։— Երեկ ես նկատեցի, որ իմ հոր ներկայությունը որքան ինձ, նույնքան էլ ձեզ է ներվայնացնում։ Անշուշտ դուք էլ ինձ նման չգիտեք թաքցնել ձեր տրամադրությունը ինչպես արտիստ։ Ես խոսեցի հորս հետ։ Այսուհետև նա ինձ չի խանգարի: Բարի եղեք նստելու ձեր տեղը, ես շարունակում եմ...
Եվ, իրավ, ծերունին այլևս չէր գալիս։ Ես նրան տեսնում էի միայն նախաճաշի ու ճաշի միջոցներին։ Արտաքինից չէր երևում, որ նա բարկացած լիներ իմ կամ իր աղջկա դեմ:
Նրա բացակայության երկրորդ օրն իսկ բացվեց օրիորդի կաշկանդված լեզուն։ Առանց նեղվելու նա սկսեց գանգատվել իր հոր դեմ անսպասելի դառը խոսքերով։ Պարզվեց, որ այդ մարդը որպես հայր դաժանության չափ մանրակրկիտ ու խստապահանջ է։ Ինքը լինելով անաղարտ կաթոլիկ, աշխատել էր իր երկու աղջիկներին կրթել իր հոգով։ Նա Նրանց մանուկ հասակից տվել է եզուիտական դպրոց, այնտեղ ուսանելու ու կրթվելու մենաստանի հովանավորությամբ։
— Մայրս հակառակ է եղել, կամենալով, որ մենք կրթվենք աշխարհային դպրոցում, բայց, ավա՜ղ, անողորմ մահը շատ կանուխ է մեզ զրկել նրա պաշտպանությունից։ Ինձ թվում է նույնիսկ, որ նրա վաղաժամ մահվան պատճառը հայրս է եղել։ Եվ դա մեկն է այն պատճառներից, որոնք ինձ խանգարում են սիրել նրան այնպես, ինչպես յուրաքանչյուր զավակ պարտավոր է սիրել իր հորը։ Ավելին կասեմ, ես