որ կերել էին այդ խմորեղենից։ Թունավորվածների մեջ էր և մի երիտասարդ հայ վարդապետ` Մեսրոպ Մաքաուդյան անունով։ Նա էջմիածնից էր և Ժնև եկել էր ինչ-որ ուսանելու։ Նա այնքան վախեցել էր, որ չէր դադարում աղաղակել` «Բժիշկ, բժիշկ, փրկեցե՛ք ինձ, ես մեռնում եմ»։ Սակայն այդ օրը նրան մահ չէր վիճակված։ Նա ապրեց մի տասը տարի էլ և մեռավ իր հայրենիքում, բոլորովին տաբրեր հիվանդությունից։
Պանսիոնը դատարկվեց։ Բոլորը ցրվեցին, տանելով իրենց հետ թունավորվածներին։ Մնացինք միայն մենք։ Բժիշկն ասաց.
— Քիմիական անալիզից պարզվել է, որ թույնը եղել է կարկանդակի միլեի մեջ, իսկ առաջացել է նա պղնձի ժանգից:
Ամբողջ մի շաբաթ ես տառապում էի մեջքիս անտանելի ցավերից։ Թվում էր ինձ, որ մեկը երկաթե ունելիքով ողնաշարս դուրս է գջլում: Հետզհետե ցավերը թուլացան, դադարեցին։ Ինձ պաշարեց մեռելային թախիծ, կյանքը ինձ համար դարձավ անտանելի։ Բայց այդ էլ երկար չտևեց։
Ժնևից ինձ տեսնելու եկան մի խումբ հայ ուսանողներ։ Իմ թունավորման լուրը նրանք կարդացել էին Կ. Պոլսի լրագրերում։ Ոմանք կարծել էին, որ ես մահամերձ եմ կամ արդեն մահացել եմ։ Կարո՞ղ էին գուշակել, թե ես դեռ երկար պիտի ապրեմ։
Մի ամիս բժշկվելուց հետո ես, մեծ որդիս ու աղջիկս (կինս ու հիվանդ որդիս չէին թունավորվել) բոլորովին կազդուրվեցինք և Զվիցերիայից Իտալիայի վրայով ուղևորվեցինք Կովկաս, հինգ տարվա բացակայությունից հետո: