Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/463

Այս էջը սրբագրված է

չպիտի թաքցնել, այդ անձնավորության մասին գավառներում շատ էլ նպաստավոր կարծիք չէր տիրում։ Սակայն թվում էր ինձ. մի մարդ, որ այնքան ընդունակ է բարձր գաղափարների թարգման լինելու, մի մարդ, որ այնպիսի մաքուր զգացումներ է ներշնչում ժողովրդին—չի կարող լավ հոգի չունենալ։ Գիտեի նույնպես, որ սովորաբար միևնույն չափն են գործածում թե՛ հասարակ մահկանացուների և թե՚ բացառիկ անհատների բարոյական արժեքը որոշելիս։ Զգում էի, որ եթե Րաֆֆիի անձնականի մասին լավ կարծիք չի տիրում—մեղավորը ամբոխի շտապ եզրակացությունն է, մի կարճատես, կիսակիրթ ամբոխի, որ չէր կարող թափանցել իր բարոյական և մտավոր առաջնորդների ներքին աշխարհը, հոգեբանորեն բացատրել նրանց կարծեցյալ թերությունները:

Րաֆֆին գրում էր, ուստի մեր այցելությունը շատ էլ հարմար ժամանակ չէր և պետք է անախորժ լիներ նրա համար։ Բայց մի դուրեկան ժպիտ լուսավորեց այդ ըստ երևույթին մռայլ մարդու թախծալի դեմքը, երբ նա մեզ տեսավ։ Իր ցավագար աչքերը շփելով, նա սեղմեց մեր ձեռքը, հրավիրեց նստել և իսկույն ծառային հրամայեց մեզ համար թեյ բերել:

Մեր խոսակցությունը սկզբում դանդաղ, հետո դարձավ ամփոփ ու կենդանի և տևեց մինչև ուշ երեկո։ Այդ ժամանակ էր, որ «Մեղու» լրագիրը իր աշխատակից Հայկունիի բերանով (Հովակիմ Գեղամյանց) արշավանք էր սկսել Րաֆֆու դեմ։ Վիպասանի երկրպագուները վրդովված էին այդ արշավանքով։ Ես ինքս շատ անգամ անզուսպ կռիվներ էի ունեցել Բաքվում մեղվականների հետ, որոնց ատելությունը Րաֆֆիի դեմ այդ ժամանակ հասել էր գագաթնակետին։ Ինքը վիպասանը սաստիկ վշտացած էր Հայկունիի հարձակումներից։ Բնական էր, որ նրա խոսակցությունը պտտեր այն գրականական բանակռվի շուրջը, որ տիրում էր այդ մասին «Մշակ» և «Մեղու» լրագրների մեջ։

Նա պարզում էր իր հակառակորդների արշավանքի բուն շարժառիթը, որ մինչև այդ ժամանակ ինձ համար շատ էլ պարզ չէր։ Եվ որքան նա շատ էր հարձակվում մեղվականների վրա, այնքան այդ մարդիկ ինձ համար անախորժ էին դառնում, թեև մյուս կողմից շատ էլ ախորժալի չէին