Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/464

Այս էջը հաստատված է

վիպասանի միակողմանի դատողությունները և անձնական, կրքոտ հարվածները։

Եթե այդ մարդիկ,— ասում էր նա,— միայն կարճատես, հետադեմ և անմիտ լինեին, ես այդքան չէի վրդովվիլ։ Բայց նրանք խորամանկ էլ են— ահա ինչ է ատելի. նրանք ոչ մի տող առանց վատ նպատակի չեն գրում։ Նրանք ղեկավարվում են եզվիտական ձգտումներով, թեև զուրկ են եզվիտների խելքից։ Նրանք միջոցներ չեն խնայում, նրանց համար ամեն մի վատ միջոց ներելի է, միայն թե վնասեն ինձ։ Ուշադրությա՞մբ կարդացել եք այդ Հայկունիի հոդվածները։

— Այո՛, մասամբ։

— Եթե դուք այստեղի գործերին տեղյակ լինեիք, այդ հոդվածների մեջ կգտնեիք շատ ստոր ակնարկներ, այո, նույնիսկ մատնություն։

Դուրս թափելով իր սրտի առաջին թույնը, Րաֆֆին հանգստացավ և այնուհետև երևան եկավ մի հեգնասեր, նույնիսկ սրամիտ մարդ։ Խոսակցության նյութը նույնն էր, բայց որպիսի՜ սառնությամբ էր նա ծաղրում իր հակառակորդներին։ Մի կարճ համեմատություն, մի թեթև նկարագիր պատկերացնում էր այդ մարդկանց ամբողջ բարոյական աշխարհը։ Եվ իր սառն հեգնությամբ Րաֆֆին ավելի էր ազդում ինձ վրա, քան կատաղի հարձակումներով։

— Ով ուզում է հայ գրականությանը ծառայել,— փոխեց նա դարձյալ իր խոսելու տոնը լրջության,— պետք է առաջ սովորի դիմանալ սև նախանձի և ատելության հալածանքներին։ Ամեն մի հայ իրան առնվազն մի Նապոլեոն է համարում, և դուք չեք կարող ապացուցել, որ նա պետք է հասարակ զինվոր լինի։ Պատմական անմիաբանությունը մեր լրագիրների համար թութակի երգ է դարձել, բայց ոչ ոք մեզանում այնքան նախանձոտ և չարհոգի չէ, որքան լրագրական գաճաճները։ Ամենացավալին այն է, որ գիտությունն ու կրթությունն էլ չեն օգնում հային։ Քանի՜- քանի համալսարանականներ կան, որոնց դավանած սկզբունքները պատիվ չէին բերիլ մեր հին խալիֆաներին անգամ։ Պետք է հենց այնպիսիների դեմ կռիվ մղել, հենց նրանց մտրակել, եթե ոչ տգիտությունը իրան արդարացնելու պատճառներ շատ ունե։ Եվ մենք կկռվենք