Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/465

Այս էջը հաստատված է

գոնե ես վճռել եմ անդադար կռվել, թող ինչքան ուզում են հայհոյեն։ Մի մարդ, որ հավատում է իր քարոզած գաղափարների անպայման սրբությանը, նրա համար դժվար չէ հալածվելը։ Մեր կողմն է նոր սերնդի անկեղծ համակրությունը և ոգևորությունը, նրանց կողմն է հինը, քարացածը և նեխվածը։ Թող որքան ուզում են կատաղեն, փրփրեն, ոչինչ չեն կարող անել ժամանակի պահանջների դեմ…

Զարմանալի հավատ և եռանդ էին զգացվում վիպասանի այդ խոսքերի մեջ։ Այդ րոպեին նա իմ աչքերում երևում էր կյանքի դառը փորձերի քուրայում ձուլված և կարծրացած մի մարտիկ, որին անկարելի էր շեղել մի անգամ արդեն բռնած դիրքից։ Ոչ մի բան այնքան չէր կարող խրախուսել մի երիտասարդի, որ իր սրտում զգում էր գրականական ասպարեզը մտնելու անհաղթելի փափագ, ոչինչ, քան մի այդպիսի մարդու խորին հավատով արտասանված այդ խոսքերը։

Ես դուրս եկա Րաֆֆիի բնակարանից ամենալավ տպավորության տակ։ Թվում էր ինձ, որ այդ մարդու եռանդը, տոկունությունը, հավատը և ինքնավստահությունը կարող են ամենաթերահավատ մարդուն անգամ ոգևորություն ներշնչել։

II

Այդ օրից մեր մեջ սկսեց ծանոթություն, որ քիչ ժամանակ անցած փոխվեց բարեկամության։ Ես այցելում էի Րաֆֆիին շաբաթը մի երկու անգամ, մեծ մասամբ կիրակի օրերը, երբ նա չէր զբաղվում, իսկ հաճախ հանդիպում էինք փողոցում։

Րաֆֆիի սովորական հյուրերը մի քանի երիտասարդներ էին, իսկ այցելում էին նրան շատերը։ Գրեթե ամեն օր նրա մոտ լինում էին յոթ-ութ մարդ, մեծ մասամբ գավառացիներ, ուսանողներ, նույնիսկ հասարակ մշակներ։ Նա ձանձրանում էր այն այցելուներից, որոնք գալիս էին լոկ հետաքրքրությունից դրդված և խլում էին նրա ժամերը։ Գավառացիներից շատերը երբեմն չէին բավականանում ժամանակ խլելով, այլև կատարյալ ասիական համարձակությամբ