Այդ արշավանքը վիպասանի դեմ առ միշտ պետք է մնա մի անջնջելի արատ հայ մամուլի պատմության վրա։ Մամուլի, որի զարդարմանը այնքան նպաստել էր Րաֆֆին, իր տաղանդի ուժով ճանապարհ հարթելով նրա համար ժողովրդի խավերում։
— Լսե՞լ եք, — դարձա ես մի օր ծիծաղելով Րաֆֆիին,- ձեր թշնամիները պնդում են, թե դուք բանկում ոչ ավելի, ոչ պակաս քսան հազար ռուբլի դրամագլուխ ունեք, բոլորը վաստակել եք գրականությամբ և ստացել եք հոբելյանի առիթով,
— Մի՞թե,— գոչեց նա ժպտալով,— ես շատ ուրախ եմ, բայց իմ թշնամիները չե՞ն ասում, թե չեկը ում մոտ է։
— Վրդովեցուցիչն այն է, որ մերոնցից ոմանք էլ հավատում են այդ առասպելական ստին։ Այսօր ես այդ մասին վեճ ունեի մեր ծանոթներից մեկի հետ։
— Իզուր,— շարունակեց Րաֆֆին ավելի զվարթ եղանակով,— չպիտի հերքել։ Ես ինքս այդ մասին լռում եմ։ Թող իմ թշնամիները հավատան, որ ես հարուստ եմ, դա նրանց ավելի կտանջի, քան եթե համոզված լինեին, որ ես աղքատ եմ այնպես ինչպես այժմ։ Այդ տեսակ մարդկանց ամենամեծ ցավ պատճառողը իրանց հակառակորդների նյութական ապահովությունն է։ Բայց խոմ իմ մոտիկ բարեկամները գիտեն իմ իսկական դրությունը, այդ ինձ համար բավական է։
Իսկ նրա իսկական դրության մասին մոտիկ բարեկամներին հետևյալն էր հայտնի։ Նա ամուսնացած էր, ուներ երկու զավակ, որոնք իրանց մոր հետ բնակվում էին Պարսկաստանում։ Ուներ երկու թե երեք չքավոր եղբայրներ, ծերունի մայր, որ իր որդիներից առանձին էր ապրում, ինը քույր բոլորն էլ չքավոր և բոլորն էլ օգնության կարոտ։ Ի՞նչ էր նրա եկամուտը, որ կարողանար ոչ թե ազատ դրամագլուխ կազմել այլ գոնե մի կերպ կառավարել այդ ահագին ընտանիքը։
<Մշակ»-ի խմբագրությունից, ինչպես հետո մի օր ինձ ասաց Գրիգոր Արծրունին, նա ստանում էր տարեկան ութ հարյուր ռուբլի և ճաշում էր խմբագրի մոտ։ Առանձին հատորներով լույս տեսած գրքերը այդ ժամանակ նրան տալիս էին տարեկան միջին թվով հազար երկու հարյուր ռուբլի։ Այդ էր նրա ամբողջ հարստությունը։ Բայց այն էլ հենց նույն օրերը