Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/469

Այս էջը հաստատված է

— Մի անգամ ես պարապվեցի մինչև ուշ գիշեր։ Հանկարծ գլուխս պտտեց, աչքերս մթնեցին։ Հիշեցի, որ ամբողջ օրը անոթի եմ եղել։ Պտրեցի իմ սենյակի բոլոր անկյունները, իհարկե, ոչինչ չգտա, որովհետև երբեք ինձ մոտ ավելորդ հացի կտոր չէր լինում։ Հակառակի պես ծխախոտս էլ վերջացել էր։ Պառկեցի անկողին, որ քնով մոռանամ իմ քաղցը։ Այստեղ իմացա, որ քունը թշնամի է դատարկ ստամոքսին։ Ի՞նչ անեի, գրպանումս մի հատ նիկոլաևսկի մեծ երեքկոպեկանոց ունեի, գնացի փողոց մի բան գնելու։ Երկմտության մեջ էի, ինչ գնեմ՝ ծխախոտ, առանց որի գլուխս պտտվում էր, թե հաց, առանց որի քիչ էր մնում ուշաթափվեի։ Գիշերը շատ ուշ էր, խանութները վաղուց կողպված էին։ Մոտեցա մի հացթուխի խանութին, զարկեցի դռներին։ Հացթուխը շուռ եկավ անկողնում, երազում մրթմրթաց, կրկին զարկեցի, նա զարթնեց և սկսեց Վանի բարբառով ինձ հայհոյել։ Բայց իմ խնդիրը մեղմացրեց նրան, դռների արանքից վերցնելով երեքկոպեկանոցս, մի ֆունտ հաց տվեց ինձ…

Այսպիսի օրեր էր քաշել Րաֆֆին։ Հիշում եմ՝ այդ դեպքը նա պատմում էր ծիծաղելով, առանց որևէ անախորժության արտահայտելու դեպի այդ օրերը։

Բայց ահա և մի ուրիշ դեպք, որ վիպասանը պատմում էր ինձ մի օր, հազիվհազ կարողանալով զսպել իր հուզմունքը։ Թշվառությունները հաճախ թշվառությունների հետևից են գալիս և երբեմն նրանք այնպես են բարդվում, որ մարդ ընկնում է անել դրության մեջ։ Կամքի տեր մարդիկ մաքառում են ճակատագրի ամենազորեղ հարվածների դեմ, բայց պատերազմը անհետևանք չի մնում նրանց բնավորության վրա։

Նյութական ամենավերջին կարոտության մեջ, Րաֆֆին նամակ նամակի հետևից է ստանում Պարսկաստանից, մերթ իր մորից, մերթ քույրերից և մերթ եղբայրներից։ Ամեն կողմից դիմում են նրա օգնության այն ժամանակ, երբ ինքը օրերով անոթի էր մնում։

— Տեսնել ամենամոտիկ արյունակիցներիդ կարոտությունը, զգալ, որ պարտավոր ես նրանց օգնել և չկարողանաս օգնել— դա էր կատարյալ թշվառությունը։ Բայց այդ բոլորը