Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/470

Այս էջը սրբագրված է

չէ: ճակատագիրը այնպես է կարգադրում, որ իմ եղբայրներից մեկը Պարսկաստանից գա Թիֆլիս ինձ վրա հույս դրած, այստեղ հիվանդանա քաղաքի մի անկյունում և կարճ ժամանակից հետո մեռնի։ Եվ մեռնի մի այնպիսի օր, երբ ես ոչինչ չունեի` նրան թաղելու համար։ Այսօրվա պես միտս է, որ ես երեք անգամ վճռեցի դիմել Գրիգոր Արծրունիի օգնությանը, երեք անգամ մոտեցա նրա դռներին և երեք անգամ էլ ետ դարձա։ Խորին ինքնասիրությունր ինձ թույլ չէր տալիս իմ ցավը հայտնել նույնիսկ մի մարդու, որ առանց բացատրության կարող էր զգալ իմ գրությունը։

Վերջապես չգիտեմ ինչպես, Րաֆֆին ճարում է երեք ռուբլի և գնում է մի դագաղ: Երեկոյան մութին նա իր եղբոր դիակը դնում է կառք և մի քահանայի ու երկու մշակի հետ տանում թաղելու։

III

Րաֆֆիի թշնամիներին մեծ ուրախություն պատճառեցին Արծրունիի հետ 1884 թ, ունեցած թյուրիմացությունները։ Այդ ժամանակ քանի դեռ Արծրունին Թիֆլիսումն էր, և «Մշակ»֊ը կաղալով մի կերպ, շատ անգամ առանց խմբագրական հոդվածների, լույս էր տեսնում, Րաֆֆին մտածում էր անկախ մի գրականական ամսագիր հիմնել: Երբ Արծրունին գնաց արտասահման, Րաֆֆին թողեց այդ միտքը և, ընկերանալով Ներսես Աբելյանի և Գարրիել Միրզոյանի հետ, վճռեց «Մշակ»֊ը շարունակել: Գործը արդեն վերջացած էր, լրագիրը պայմանով հանձնված էր նրանց, և այդ ամենին հայտնի էր։

Թշնամիները այստեղ ևս գլուխ բարձրացրին և սկսեցին հարվածել ո՛չ միայն Րաֆֆիին, այլև նրա ընկերակիցներին։ Պարզ էր, որ Րաֆֆիի անունը նրանց աչքում դարձել էր մի սոսկալի ուրվական, որ գիշեր-ցերեկ հանգստություն չէր տալիս նրանց, միշտ վախի ու սարսափի մեջ պահելով պահպանողականների ամբողջ բանակը։

Հանգամանքները այս անգամ էլ կողմնակի ծառայություն արեցին թշնամիներին։ Կառավարության կողմից «Մշակ»֊ի